«Թրքահպատակ, ռուսահպատակ ստրուկ է». Սարիկ Մինասյանը՝ նրանց, ովքեր մեղադրում են իշխանությանը «վիլայեթացման» մեջ

Նախընտրական շրջանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասում էր, եթե ինքն ընտրվի, Ռուսաստանից մեծ ներդրումներ կգան Գյումրի:


Եկե՞լ են արդեն այդ ներդրումները Գյումրի:


Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն ասաց, եթե խոսքը ֆինանսական ներդրումների մասին են, նման բան չի եղել Գյումրիում:


«Ֆինանսական ներդրում չի եղել, բայց Ռուսաստանի կողմից ինչ-որ այլ բարքեր են ներդրվում Գյումրիում, հայհոյախառն խոսույթ, ինչը գյումրեցուն հարիր չէ: Դա միայն ռուսական մշակույթին է հարիր, որ իրենց կանանց, աղջիկներ մոտ կարող ենք հայհոյանքով խոսել:


Կամաց-կամաց մարդկանց ուզում են տանել ինչ-որ միութենական պետությունների դաշտ, ինչն անընդունելի է: 90-ականներից սկսած մեր երկրի անկախության, ինքնիշխանության համար թափված արյունը որևէ մեկն ուրանալ չի կարող, իրենք իրենց պատիժն ու արժանի գնահատականը ստանալու են միանշանակ»,- ասաց Մինասյանը:


Սարիկ Մինասյանն անդրադարձավ նաև ՔՊ-ին ուղղված Վարդան Ղուկասյանի՝ «թուրքահպատակ շներ», «Հայաստանը տանում են վիլայեթացման» արտահայտություններին:


«Ես էլ հայտարարում եմ՝ նա, ով կմտածի, որ ես, իմ քաղաքական թիմը, մեր ընկերներից որևէ մեկը Հայաստանը տանում է վիլայեթացման, ով մտածի նման բան, նա թրքահպատակ, ռուսահպատակ ստրուկ է: Չի կարելի մարդկանց վիրավորել, պիտակավորել, սեփական շահը կամ ընդհանուր ընդդիմության գաղափարն առաջ տանելու համար նման արտահայտություններ անել: Դրանք պետք է խստիվ արգելվեն, հանրային դեմքերը, պաշտոնյաները պետք է հետևեն իրենց խոսույթին»,- ասաց Սարիկ Մինասյանը: