Թե՛ մեր ռուս գործընկերները, թե՛ ցանկացած այլ երկիր կամ դերակատար պետք է հարգեն Հայաստանի որոշումները. Միրզոյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։


Ի թիվս այլ հարցերի, ԱԳ նախարարն անդրադարձել է  վաշինգտոնյան համաձայնություններին հետևած ռուսական կողմի արձագանքին և մամուլում ու այլ հարթակներում տարբեր գործիչների կողմից ՀՀ հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանություններին:

Տվյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

 Արարատ Միրզոյան. «Գիտեք, խաղաղության հաստատման և Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջունող հայտարարությունները։ Նույն պաշտոնական մակարդակում մենք տեսանք նաև Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների արտահայտած պատրաստակամությունը՝ աջակցելու այս փոխկապակցվածության նախագծին և որոշակի մասնակցություն ցուցաբերելու։ Սակայն, իհարկե, չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան ԶԼՄ-ների, երբեմն նաև պետական լրատվամիջոցների, ինչպես նաև խորհրդարանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության՝ Հայաստանի կառավարության և մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության հասցեին։ 

Լրագրող․ Ինչո՞ւ։ Լավ չէ՞ տեսնել, թե ինչպես է Հայաստանը զարգանում Արևմուտքի հետ և մերձենում Եվրոպային։
 
Արարատ Միրզոյան․ Գուցե այդ հարցը ճիշտ կլինի ուղղել ձեր ռուսաստանյան հյուրերին, եթե լինեն այդպիսիք: Սակայն առանց խորանալու պատճառների մեջ, այդ պատճառները կարող են լինել և՛ պարզ, և՛ բավական բարդ, ամեն դեպքում, ես վստահ եմ, որ թե՛ մեր ռուս գործընկերները և թե՛ ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամարտահայտությունը։ Հայաստանում պարբերաբար անցկացվում են ժողովրդավարական ընտրություններ, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերն ու տեսակետները կարևորագույն հարցերի շուրջ, և վերջնական որոշումը կայացնում են Հայաստանի քաղաքացիները։ Մեր քաղաքական ուժը՝ մեր վարչապետի ղեկավարությամբ, ստացել է ընտրողների մեծամասնության վստահությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին երկրի ներքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում։

Այս տարի ևս մի շարք սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, իսկ 2026 թվականի հունիսին կրկին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Կտեսնեք։