Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երեկ «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի նիստում ելույթ ունենալով, հայտարարել է Եվրոպայի ռազմականացման դեպքում Մոսկվայի կողմից պատասխան միջոցների հնարավորության մասին։ Նա միաժամանակ ընդգծել է, որ ռազմականացման գործընթացը թափ է հավաքում։
«Գերմանիան, օրինակ, ասում է, որ գերմանական բանակը պետք է կրկին
լինի ամենահզորը Եվրոպայում։ Դե, մենք ուշադիր լսում ենք, տեսնում ենք, թե ինչ է
նկատի առնվում։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանի պատասխան միջոցները
չեն ստիպի երկար սպասել»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ սպառնալիքին պատասխանը
«շատ համոզիչ կլինի»։ «Հենց պատասխանը։ Մենք ինքներս երբեք ռազմական բախում չենք
նախաձեռնել»,- հավելել է Ռուսաստանի նախագահը, որի բանակն արդեն չորս տարի է՝
պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ։