«Մի ժիգուլու պասաժիրի չափ» անդամ ունեցող Հայ ազգային կոնգրեսը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2024 թվականի հայտարարագիրը, որից դատելով՝ մի թշվառ, ողորմելի վիճակում էլ ընդդիմադիր դաշտում երբեմնի օրակարգ թելադրած, «քար ճղած» ուժն է։ Թշվառ՝ ֆինանսական առումով, մասնավորապես նվիրատվությունների։ Այս կուսակցությունը, որը մասնակցել է խորհրդարանական վերջին՝ 2021 թ․ ընտրություններին ու 1 տոկոսից մի քիչ ավելի ձայն ստացել, հայտնի չէ, թե քանի անդամ ունի՝ ԿԿՀ ներկայացված հաշվետվության մեջ նշված չէ։ Բայց հայտնի է, որ ֆինանսական միակ մատակարարը եղել են կուսակցականներն իրենց վճարած անդամավճարներով, ընդամենը՝ 1 մլն 986 հազար 200 դրամ։ Եվ ոչ մի նվիրատու, սակայն, չի գտնվել, որ ինքզինքը կառուցողական, պրագմատիկ հռչակած կուսակցությանը գեթ մեկ դրամ նվիրաբերի՝ այսպիսով վերաբերմունք արտահայտելով կուսակցության քաղաքական գծի նկատմամբ։
ՀԱԿ-ը, նկատենք,
Հայաստանի տարբեր մարզերում՝ 45 հասցեներում,
մասնավորապես Թալինում, Երևանում, Գյումրիում, Ամասիայում, Վարդենիսում, գրասենյակներ ունի, որոնց գործունեության որպես
ամսաթիվ նշված է 2004 թվականը։ Հայտարարագրում նշված է, որ 1 մլն 100 հազար 500 դրամը
կուսակցությունը հաշվետու տարում ծախսել է գույքի վարձակալության վճարների նպատակով,
818 հազար 880 դրամ կազմել են կոմունալ
վճարները, 12 հազար դրամ էլ «այլ ելքեր» նպատակով է ծախսվել։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության քաղաքական գիծը
ջերմեռանդորեն քննադատող ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը օրերս հայտարարել էր,
թե ՀԱԿ առաջնորդ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն
է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքական գործունեությունը,
ընտրական գործընթացը, գաղտնիք չէ, պահանջում են պատկառելի ֆինանսական միջոցներ։ Թե որտեղից
է ՀԱԿ-ը հայթայթելու նման միջոցներ, ումից է «սնվելու» իր դերակատարումը «հորով-մորով»
անելու համար՝ կարելի է միայն ենթադրել։
Հ. Մ.