Վիճակը ծանր է, գիտակցությունը պահպանված. ՀՎԿԱԿ-ը՝ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մասին

Լրատվամիջոցներով տարածվում է «Պատվաստված 16-ամյա տղան ծանր վիճակով տեղեփոխվել է Վանաձորի հիվանդանոց, որտեղից սանավիացիայով Երևան» վերտառությամբ տեղեկատվություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պացիենտը շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով՝ Երևան:


«Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում:


Պացիենտի վիճակը ծանր է, գիտակցությունը պահպանված, ստանում է համապատասխան բուժօգնություն, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ:


Տեղեկացնում ենք, որ որևէ բժշկական կազմակերպությունից պացիենտի մոտ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում չի ստացվել:


Միաժամանակ, հարկ է նշել, որ մինչ այս պացիենտը ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել: Վերջին պատվաստումը պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:


ՀՎԿ ազգային կենտրոնը կոչ է անում չտարածել ապատեղեկատվություն: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները պացիենտի լիարժեք բժշկական օգնության կազմակերպման և ախտորոշման հետագա հստակեցման նպատակով»,- ասված է հաղորդագրության տակ: