Ի՞նչ է կատարվել Սոֆիայի օդանավակայանում. ՀՀ ԱԳՆ–ի և Անիի համայնքապետարանի արձագանքը

Սոֆիայի օդանավակայանում Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակության հետ կապված միջադեպի առնչությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է եղել պատվիրակության ղեկավարի հետ և, տեղեկանալով միջադեպի մասին, քայլեր է ձեռնարկել ընդունող երկրից պարզաբանումներ ստանալու և հետագայում նման միջադեպերից խուսափելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը: 


«Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ», ինչպես տարածվել է ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, օտարերկրյա այցերի ժամանակ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՀՀ դիվանագիտական ծառայությունների ուշադրության կենտրոնում, և ձեռնարկվում են իրավիճակին համապատասխան քայլեր»,- հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը:


Անիի համայնքապետարանն իր հերթին տեղեկացրել է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում՝ տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։


Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ «սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։


Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական»։


Նշվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել է Նովի Պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Այնուհետև Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Քառօրյա պաշտոնական այցը անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում, հագեցած ու տպավորիչ օրակարգով։