«Պուտինը ցանկանում է խաթարել ԵՄ-ի միասնությունը». Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռուսաստանի «հնազանդ դաշնակիցների» մասին

Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն արհամարհում է Եվրոպական Միությունը, ցանկանում է խաթարել դրա միասնությունը և ունի դաշնակիցներ ԵՄ-ում, որոնք օգնում են նրան ստեղծել «ճաքեր եվրոպական կառույցում»։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանում հոկտեմբերի 6-ին Եվրոպական հանձնաժողովին անվստահության քվեարկության վերաբերյալ քննարկման ժամանակ։


Ֆոն դեր Լայենը համոզված է, որ Պուտինն, իր «հնազանդ դաշնակիցների» միջոցով, ցանկանում է պառակտել Եվրամիությունը ներսից։


«Նայեք, թե ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ Սոչիում, երբ Պուտինն իր տարեկան ելույթն ունեցավ «Валдай» ֆորումում։ Նրա խոսքերն արժե ուշադիր լսել։ Նա կրկին մեղադրեց Եվրոպային Ուկրաինայում իր ագրեսիվ պատերազմի համար»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը։


Նա ուշադրություն է հրավիրել, որ Պուտինը «պարծենում էր նրանով, ինչն ինքը «եվրոպական կառույցի ճաքեր» էր անվանում:


«Պուտինը չի թաքցնում իր արհամարհանքը մեր Միության և դրա հիմքերի նկատմամբ։ Եվ նա չի թաքցնում իր ուրախությունն այն փաստի կապակցությամբ, որ իր հնազանդ դաշնակիցները Եվրոպայում օգնում են իրեն այդ ջանքերում»,  ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։


Նա շեշտել է, որ «սա քաղաքական գրքի ամենահին հնարքն է՝ պառակտում սերմանել, ապատեղեկատվություն տարածել, գտնել մեղավորին»։


«Այս ամենը նախատեսված է եվրոպացիներին միմյանց դեմ հանելու, մեր զգոնությունը թուլացնելու, միմյանց միջև վիճելու, մեր վճռականությունն ու դիմադրողականությունը խաթարելու համար։ Սա ծուղակ է։ Եվ մենք պարզապես չենք կարող ընկնել դրա մեջ»,- հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։