Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորություններին։
Նախարար Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդել ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։
Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։