Տարոնի վեցնոց Սաքուլիկը հավակնում է դառնալ «Վարդանիկ»

Վաղարշապատում ընդդիմադիր ճամբարում ակտիվ կոնսոլիդացիոն գործընթացներ են ընթանում: Ինչքան մոտենում են Վաղարշապատ խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, այնքան ակնհայտ են դառնում ընդդիմության հիմնական նպատակն ու դավադիր սցենարը։ Ընդդիմադիր շրջանակներում արդեն իսկ ընթացքի մեջ են միավորման սցենարները՝ նպատակ ունենալով Վաղարշապատում իրականացնել, այսպես կոչված, «Գյումրի 2» սցենարը։


Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Էջմիածին դաշինք» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ Տարոն Մարգարյանի վեցնոց Սաքուլիկը, ներկայումս ոչ միայն վայելում է ՀՀԿ-ի աջակցությունը, այլ նաև ունի Ռոբերտ Քոչարյանի կողմնակալությունը։ Նման աջակցությունը կարող է էական ազդեցություն ունենալ ընդդիմության ցուցակի կազմավորման և քաղաքապետի թեկնածուի առաջադրման գործընթացում։


Միևնույն ժամանակ, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը սկսել են քաղաքական համագործակցություն։ Վանեցյանը հայտնել է, որ իրենք համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածուին՝ բանաստեղծ և հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։ Վանեցյանի խոսքով՝ առաջիկա տեղական ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը որոշելու համար։ Այս լուրը հաստատել է նաև Սամվել Բաբայանը։


Ռոբերտ Քոչարյանի դաշինքից պոկված ու նոր ուժ ձևավորած Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստանը» ևս կարծես մասնակցելու է Վաղարշապատի ընտրություններին՝ ինչպես դա արեցին Գյումրիում։ Նշենք, որ Գյումրիի ավագանիում նրանք 2 մանդատ ունեն։ Եվ ահա Գյումրիի համը բերաններում՝ այս ուժերը գնում են Վաղարշապատի ընտրություններին։ Ամենայն հավանականությամբ կոնսոլիդացիան այս անգամ ևս կլինի ամենաշատ ձայները հավաքած թեկնածուի շուրջը, եթե իհարկե հաջողվի դե ֆակտո Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուժերին միասին հավաքել ավելի շատ ձայներ, քան «Քաղաքացիական պայմանագիրը» կհավաքի։


Ամենաշատ շանսերը կարծես հենց Սաքուլիկն ունի։ Ասել  է թե՝ Վաղարշապատի Վարդանիկը կլինի Սաքուլիկը։ Միաժամանակ, սակայն, ակնհայտ է, որ, այսպես կոչված, ընդդիմությանը Վաղարշապատում  դա անելն ավելի դժվար է լինելու, քան Գյումրիում։