Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Մարդու իրավունքների պաշտպան, արդարադատության փոխնախարար աշխատած Արման Թաթոյանը, ինչպես հայտնի է, ազդարարել է քաղաքականություն մտնելու մասին՝ ենթադրում ենք մտքում ունենալով երբևէ վարչապետի թեկնածու դառնալու մեծագույն փափագը։ Նկատենք՝ նման փափագ Թաթոյանն ուներ դեռ նախորդ տարի՝ «սրբազան շարժման» օրերին, դատելով ընդդիմադիր կուլուարներում ծավալված խոսակցություններից։ Բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին. նա թեև միացավ Բագրատ Գալստանյանին, բայց որպես վարչապետի թեկնածու նրա անունն այդպես էլ չհանրահռչակվեց։
Ինչն է ուշագրավ՝ Թաթոյանը որոշել է իր նոր քաղաքական
պրոյեկտը կոչել «Միասնության թևեր», իսկ ահա որպես լոգո ընտրել է պեգասի թևավոր ձիու՝ առասպելական պեգասի պրոֆիլը հիշեցնող
պատկեր։ Ինչ խոսք, յուրօրինակ ընտրություն
է. փաստորեն, մեր դյուցազներգության՝ էպոսի սիմվոլիկայի՝ Քուռկիկ
Ջալալիի փոխարեն Թաթոյանը նախընտրել է հունական դիցաբանության հետ ասոցացվող հրեղեն
ձին՝ ազգայինը ստորադասելով օտարապատկանին։ (Բախտներս բերել է, որ միաեղջյուրի պատկերը
չի ընտրվել, թե չէ…)։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը 2022 թվականից
հիմնադրամ է նախագահում՝ «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամ»-ը։ Այն մասնավորապես նախորդ տարի ավելի քան 49 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել։ ՊԵԿ ներկայացված հաշվետվությունից
պարզ է դառնում, որ ստացած ֆինանսական միջոցներից 2 մլն 6,400 դրամը հիմնադրամը ծախսել է «Արտակարգ աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված
անձանց» ծրագրի շրջանակներում փաստահավաք առաքելություններ և խորհրդատվական ծառայություններ
մատուցելու նպատակով։
Ակնհայտ է, որ Թաթոյանի հիմնական էլեկտորատը
լինելու են մասնավորապես ԼՂՀ-ից բռնի տեղահանվածները։ Նրանց քվեները կապիտալիզացնելու՝
դեպի իրենց հակելու ուղղությամբ, ինչպես մեր
ուսումնասիրություններն են վկայում, կատաղի մրցավազք է ընթանում ընդդիմադիր սեկտորում։
Հ.Գ. Հոկտեմբերի 9-ին Թաթոյանը հրավիրում է իր գլխավորած «քաղաքական նախաձեռնության մեկնարկի» միջոցառմանը, որը, դատելով հրապարակված հայտարարությունից,
տեղի կունենա Երևանի ռեստորաններից մեկի սրահում։