Քոչարյանը ծանր մեղքերի բեռի տակ է թաղված. փոխանակ ապաշխարի՝ անընդհատ ասպարեզ է գալիս

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի հետ զրուցել ենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի և ներքաղաքական զարգացումների մասին։

 

- Պարոն Մալխասյան, երեկ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տվել և անդրադարձել ամենատարբեր թեմաների. կխնդրեմ սկզբում ներկայացնեք դրա վերաբերյալ ձեր ընդհանուր դիտարկումները։


- Ես էդ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալուց մի հետևության եմ եկել՝ ինքը հայաստանյան իրավիճակը խորապես չի հասկանում։ Ինքը որևէ կապ չունի մեր մշակույթի, մեր հավատքի, մեր ազգային ինքնության, մեր տեսակի բարձր հատկանիշների հետ, մազաչափ անգամ կապ չունի, քրիստոնեական արժեքներից բացարձակ հեռու կանգնած մարդ է։   Նախորդ անգամ էլ եմ ասել, որ հիմարի խելքը լռության մեջ է՝ եթե նա դա հասկացել է, ուրեմն կիսով չափ խելքի է եկել, բայց քանի որ սա չի լռում, կիսով չափ չէ, ընդհանրապես խելքի չի գա։  Ինչի համար խելքի չի գա՝ որովհետև ինքը ծանր մեղքերի բեռի տակ է թաղված։ Փոխանակ ապաշխարի մեղքերի թողության համար՝ անընդհատ ասպարեզ է գալիս։ Քաղաքականության մեջ մի ոսկե կանոն կա. եթե եկեղեցին ասում է՝ «մի դատվիր, որ չդատվես», քաղաքականության մեջ ուղիղ հակառակն է՝ դատիր, որ չդատվես։ Հիմա ես Փաշինյանի իշխանությանը մեղադրում եմ նրա համար, որ առանձնապես ծանր մեղքերի բեռի տակ թաղված սրիկաներին իրենք չկարողացան դատել։ Քոչարյանը հայ ժողովրդի արյունն է հեղել։ Ռամիլսաֆարովների նման՝ գիշերով, գաղտագողի հարձակվեց Ազատության հրապարակում քնած խաղաղ ցուցարարների վրա և արյան ու դիակների վրայով Սերժ Սարգսյանին բերեց իշխանության, որ իրեն չդատեն, որ ուրիշը չգա ու իրեն չդատի։ Բայց ուրիշը եկավ, և վախն ու սարսափն ընկավ սրանց մեջ։ Վախ առաջ եկավ, որ աննկարագրելի թալանը պիտի կորցնեն։ Եվ հիմա էս սրիկաները, որ ճաղերի հետևում չհայտնվեցին, ասպարեզ են եկել։


- Ամբողջ ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ամբողջացրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունները, որ պետք է գնալ միութենական պետություն։


- Կոմունիստական կուսակցությունը երեկ հայտարարություն է արել։ Սրանք չեն ուզում ժողովրդավարություն, ինքնիշխանություն, սրանք զզվում են ինքնիշխանությունից, սրանք ուզում են գուբերնիա լինի։ Ռուսներն ընդհանրապես գողերի նման տարածքը նայող են նշանակում, հիմա սրանք մտածում են, որ իրենք ռուսների համար շատ հարմար են՝ որպես տարածք նայող, դրա համար իրենց պետություն պետք չի, իրենք թքած ունեն պետության վրա, թքած ունեն մեր ժողովրդի վրա։ Հիմա երեկ նորից բարբաջում էր։  


- Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, և  չբացառեց, որ 2026-ին ընդդիմադիր երեք ուժի միավորումով հնարավոր է հասնել հաղթանակի։ Դուք դա հավանական համարո՞ւմ եք։


- Իրենք վաստակել են մեր ժողովրդի ծայրահեղ ատելությունը։ Էդ պայմաններում իրենք հույսը միայն դնում են ֆանտաստիկ փողերի ու հարստության վրա, որն իրենք կողոպտել են։ Քոչարյանը Հայաստանը կողոպտեց, էն մեկն էլ Ռուսաստանում է ինչ-որ բաներ արել, ազնիվ ճանապարհով հնարավոր չէր, որ նրանք միլիարդատեր դառնային։ Բայց սրանք չեն հասկանում մի ուրիշ ճշմարտություն. էս Սամվել Կարապետյանի ու Քոչարյանի պարագայում փողը իրենց ոչ թե կատարելագործել է, այլ մինչև վերջին երանգը դեգրադացրել, և էս դեգրադացվածները հույսները դրել են նրա վրա, որ փողով կարող են ամբողջ ժողովրդին առնել։ Հայ ժողովուրդը փողով իր իշխանությունը չի ծախի։ Մոռացեք։ Նախորդ ընտրություններին մեր ժողովրդի մի մասը սխալվեց և Քոչարյանին 20 տոկոս ձայն տվեց, էս անգամ 10 տոկոս էլ չի տալու։ Էս ախմախները 10 տոկոս ձայն չեն հավաքելու։


- Քոչարյանը խոսել է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին՝ այն որակելով երազանքների փաստաթուղթ, իսկ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնագրի մասին ասում է, որ Հայաստանը զիջել է, միայն մեկ նկար ենք շահել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։


- Նրանք դա չարությունից, նախանձից են ասում. եթե օգոստոսի 8-ի փաստաթուղթը չլիներ, մինչև հիմա արդեն պատերազմը սկսվել էր։ Այս տևական ժամանակի խաղաղության հիմնական ճարտարապետը Ամերիկան է՝ Թրամփի գլխավորությամբ։ Դե եթե իր Մոսկվայի հովանավորները կարողանում էին խաղաղություն հաստատել, թող Ղարաբաղում հաստատեին: Ղարաբաղցիների մեջ դեռ մոլորված մարդիկ կան, որոնք հույսները կապում են ռուսների հետ։ Իսկ ռուսները առհասարակ հայ ժողովրդի նկատմամբ ունեն  էթնիկ քաղաքակրթական բարդույթ, 300 տարի առաջ էլ էր նույնը, հիմա էլ է նույնը, նրանք միշտ ուզեցել են, որ հայ ժողովուրդը պետություն չունենա, պետականություն չունենա։ Հայ ժողովուրդը, որպես աշխատասեր, խելացի, բազմաչարչար ժողովուրդ՝ իրենց փեշերից կախված լինի, իրենց ծառայի, իրենք հայ ժողովրդին օգտագործեն, բայց հայերը պիտի պետություն չունենան. հիմա խաղը դրա վրա է գնում, որ պետք է հայերին զրկեն պետականությունից՝ էս ռուսներին ծախված էշերի միջոցով, էս 5-րդ շարասյուն, որ ասում են՝ դա է։


- Ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոսում է հանձնելուց, այն դեպքում, երբ իր օրոք երկրի ռազմավարական կարևորագույն օբյեկտները հանձնվել են ՌԴ-ին՝ գույք պարտքի դիմաց։


- 10 միլիարդի գույք՝ պարտքի դիմաց, էդ բոլորը Քոչարյանն է տվել, որովհետև ինքն էն գլխից է եղել ռուսների կամակատար շունը։ Նա երբ դեռ էն ժամանակներում է պաշտոն ունեցել, իր ու Սերժ Սարգսյանի գլխավերևում միշտ կախված է եղել Հեյդարի նկարը։ Հեյդար Ալիևի նկարի տակ են սրանք դաստիարակվել ու մեծացել։ Մի հատ հարկավոր է սրանց ԴՆԹ-ն ուսումնասիրել՝ սրանք զտարյուն հայե՞ր են, թե՞ ոչ, որովհետև սրանց մեջ թուրքական մենթալիտետ կա։ Եվ էս մարդիկ ոտքի են ելել, որ մեր ճակատագիրը որոշեն։


- «Զանգեզուրի միջանցք» տերմինը մեկ Ալիևն է ամենից շատ օգտագործում, և, ինչպես նկատեցինք, մեկ էլ Քոչարյանը, որն իր ասուլիսի ողջ ընթացքում չհրաժարվեց միջանցք տերմինից։  Ըստ ձեզ՝ ինչո՞ւ։


- Ինքը այդ նարատիվը խորացնում է, էն դեպքում, որ էդ բանը 100 անգամ իշխանությունների պատասխանատու ներկայացուցիչները՝ թե՛ ԱԳ նախարարը, թե՛ Փաշինյանը, թե՛ մյուսները, հայտարարել են, որ դա ճանապարհ է՝ մեր հսկողության ներքո, ինչը կնպաստի, որ մեր երկրի կենսամակարդակը բարձրանա, տնտեսությունը զարգանա, պետությունը հզորանա։ Է, թող անցնեն, ինչ կլինի, հիմա բոլոր երկրներով էլ տարանցիկ ճանապարհներ կան, թե՛ Վրաստանով, թե՛ Ռուսաստանով, թե՛ Թուրքիայով։ Հո մենք այլ մոլորակից չենք, մենք էլ պիտի զարգանանք, չէ՞, շփվենք։ Պարսիկները նույն կարծիքին են, որ տարանցիկ ճանապարհ պետք է լինի։ Պատահական չեն անունը դրել Թրամփի ուղի, և այդ ճանապարհը պիտի լինի ինքնիշխանության, մեր հսկողության ներքո։ Քոչարյանը գիտի, որ հայ ժողովուրդն իրեն ատում է, ինքն էլ հայ ժողովրդին է ծայրահեղ ատում, դրա համար միշտ չարախոսում է։      

 

- Մոլդովայի օրինակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քոչարյանը համարում է, որ պետք է այնպես անել, որպեսզի Հայաստանը վախենա այդ սցենարը կիրառել, դա չհաջողվի իշխանություններին։


- Հիմա եթե ռուսներից անջատվում ենք, մենք ընկնում ենք անդունդը, հա՞. ուղիղ հակառակն է։ Մոլդովայի ժողովուրդը քաջություն ունեցավ, հասկացավ, որ չի կարելի ռուսների հետ այլևս շարունակել, որովհետև միայն հեռուն չտեսնող ազգը կարող է մեկի վրա հույս դնել, որը քեզ բազմաթիվ անգամ խաբել է։ Ռուսները մեզ ոչ թե մի անգամ, այլ հազար անգամ խաբել ու դավաճանել են և մեր հողերը հանձնել օտարներին, մեզ վրա առևտուր են արել։ Եվ էդքանից հետո նորից խաղադրույք կատարել ռուսների վրա, հավատալ նրանց, բռնել նրանց փեշերից ու գնալ կործանվելու՝ ուրեմն դու ազգ չես։

   

 

Լիլիթ Թադևոսյան