Մամուլում անբարո հերյուրանք են տարածում՝ մասնավորապես Լիա Սարգսյան անուն-ազգանունով իբր լրագրողի կողմից։ Պատրաստվում եմ դատի տալ՝ մեր ընտանիքի բարի համբավն ու արժանապատվությունը արատավորելու համար։
Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ախտոյանը, որը
փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի և օրեր առաջ կալանավորված Նարեկ Օհանյանի
բարեկամն է, Մերձավան բնակավայրի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը։
Նշենք, որ Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջով տարածել է տեղեկություն՝
համաձայն որի անձնական բնույթի տեղեկություններ ունի Ախտոյանների ընտանիքի անդամների
վերաբերյալ, որն, ըստ էության, իբր, ձեռք է բերել իրավապահների կողմից Ախտոյանների
հեռախոսների վերծանման արդյունքում։
Դավիթ Ախտոյանն ասաց, որ այդօրինակ կեղտոտ սուտ տարածելը, նման
անբարոյական վարքագծի դրսևորումը անպատիժ չի մնալու՝ դատական կարգով վերականգնելու
է իր ընտանիքի բարի համբավը՝ ինչպես նաև անդրադարձավ իբր համայնքի բնակիչների կարծիքներին,
թե վերջիններս չեն ցանկանում, որ Ախտոյանները այսուհետ ապրեն Մերձավանում։ Դավիթ Ախտոյանն
ասաց, որ Մերձավանում իրենց բոլորը ճանաչում են ու մերձավանցիները չեն կարող այդպիսի
կարծիք ունենան։ «Մի հոգու են գտել, որի կարծիքը ներկայացնում են որպես մերձավանցիների
կարծիք։ Բոլորն էլ գիտեն, թե ով է էդ կարծիք հայտնողը։ Մեզ բոլորը ճանաչում են, էդ
խոսողին էլ են ճանաչում, որի ասածները Լիան ներկայացնում է իբրև մերձավանցիների հավաքական
կարծիք։ Իբր մյուս մերձավանցիները ևս տեսախցիկներից այն կողմ այդպիսի կարծիք են հայտնում։
Ուղղակի նողկալի, անբարոյական ստեր են հորինում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում մարդ
որքան պետք է զզվելի ու ոչ պրոֆեսիոնալ լինի, որ էս աստիճանի բաներ հորինի ու տարածի»,
- ասաց Դավիթ Ախտոյանը։