Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հրաժարվել է քննարկել նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթի հարցը, հաղորդում է Le Figaro-ն։
Բանաձևն առաջարկել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (France Insoumise) կուսակցությունը, այն պաշտպանել է խորհրդարանի 104 անդամ՝ ստորին պալատի 577-ից, կամ պատգամավորների ընդհանուր թվի մոտ 20%-ը։ Սակայն Ազգային ժողովի բյուրոն այն անընդունելի է համարել։
Առաջարկը ներկայացվել է քաղաքական անկայունության պայմաններում: Պաշտոնը ստանձնելուց մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Սեբաստիան Լըկորնյուն՝ երկու տարվա ընթացքում հինգերորդ վարչապետը, հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Հոկտեմբերի 6-ին նա ներկայացրել է իր նախարարների կազմը, որը մերժել է ձախակողմյան և աջակողմյան ընդդիմությունը՝ պատճառաբանելով, որ շատ նախկին պաշտոնյաներ պահպանել են իրենց պաշտոնները։
Ներկայումս բանակցություններ են ընթանում, թե ով կարող է ղեկավարել կաբինետը, որոշ կուսակցություններ պահանջում են ձախակողմյան վարչապետ։ Ըստ Le Figaro-ի՝ սպասվում է Մակրոնի հայտարարությունը հոկտեմբերի 8-ի երեկոյան՝ քաղաքական ուժերի հետ Լըկորնյուի բանակցությունների վերջնաժամկետը լրանալուց հետո։