ՀԷՑ-ի հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցները բաշխվել են ստորաբաժանումներին, կապալառուների պայմանագրերը խզվել են. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ին պատկանող ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) բաշխվել են ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին, որոնց միջոցով աշխատակիցներն ու հերթապահ խմբերն ավելի արագ և արդյունավետորեն կիրականացնեն վթարավերականգնողական աշխատանքները տեղերում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ մանրամասնելով.

 


«Սա այն շուրջ վեց տասնյակ տեխնիկատրանսպորտային միջոցների մի մասն է, որոնք վարձակալության պայմանագրերով ՀԷՑ-ը տարիներ առաջ հանձնել էր «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված 4 կապալառու ընկերությունների, որոնք էլ ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրերով նախատեսված՝ աշխատանքներ էին իրականացնում նույն ՀԷՑ-ի համար, սակայն դրանց ընթացիկ սպասարկման և վերանորոգման ծախսերը թողնելով ՀԷՑ-ի վրա (նախատեսված՝ պայմանագրով)։


 

Ընդ որում՝ վարձակալության պայմանագրերի կնքումից ի վեր վարձակալության դիմաց՝ մինչև Ժամանակավոր կառավարչի նշանակումը, որևէ վճարում վերջիններս չէին կատարել ՀԷՑ-ին։

Մեր ուսումնասիրությունների և իրավահարաբերությունների փոխադարձ ճշգրտումների արդյունքում պարզ դարձավ, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ 60-ից ավելի տեխնիկայի վարձակալության դիմաց ՀԷՑ-ին կապալառու ընկերությունների ունեցած դեբիտորական պարտքը կազմում է ավելի քան 180մլն ՀՀ դրամ։


 

Այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով մեր նախաձեռնությամբ շաբաթներ առաջ խզվել են, հիշյալ տեխնիկատրանսպորտային միջոցներն ամբողջովին հետ են վերադարձվել ՀԷՑ-ին (ընդ որում՝ դրանց մի զգալի մասն անսարք և անմխիթար վիճակում), իսկ տվյալ սուբյեկտներին ՀԷՑ-ի կողմից վճարման հաշիվներ են ներկայացվել՝ մարելու գոյացած պարտավորությունները։ 


 

Նշված գումարից այս պահին մարվել է շուրջ 60մլն ՀՀ դրամ պարտավորություն։


 

Նշեմ նաև, որ ՀԷՑ-ի կենտրոնական ավտոպարկում և ենթակա մասնաճյուղերի ավտոտնտեսություններում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ և հատուկ տեխնիկա, որոնցից սակայն շուրջ 200-ը պիտանի չեն հետագա շահագործման համար, և գտնվում են բացարձակ հնամաշ, անսարք և «փաստացի խոտանված» վիճակում. դրանք ենթակա են հետագա դուրս գրման և հաշվապահորեն՝ խոտանման ենթարկվելու։


 

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»։