Էջմիածնի 2710-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում քաղաքի կենտրոնում տիրել է իսկական տոնական աշխուժություն։ Այս մասին տեղեկացրել է Վաղարշապատի համայնքապետարանը:
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, քաղաքի հյուրերն ու բնակիչները հաճույքով շրջեն գեղեցիկ ձևավորված տաղավարներով, որտեղ ներկայացված էին տարբեր ձեռագործ աշխատանքներ՝ ստեղծված սիրով և նվիրվածությամբ մեր քաղաքի ու համայնքի տաղանդավոր մարդկանց կողմից։
Յուրաքանչյուր տաղավար առանձնանում էր իր ոճով ու յուրահատկությամբ, որոնք ոչ միայն փոխանցում էին ավանդույթների շունչը, այլև ընդգծում էին ստեղծագործական մտածողությունը։
Օրվա ամենահամով ու սպասված մասն էր քյուֆթայի փառատոնը, որը միավորել էր ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ խոհարարների։ Մասնակիցները ներկայացնում էին իրենց տարբերակները՝ պահպանելով Էջմիածնի ավանդական համն ու պատրաստման եղանակները։ Բոլորը հնարավորություն ունեին համտեսելու բազմազան քյուֆթաներ և վայելելու տոնական տրամադրությունը։
Տարածքում հնչում էր երաժշտություն, պարում էին թե՛ երեխաներ, թե՛ մեծահասակներ՝ դարձնելով օրը ջերմ ու հիշարժան։
Էջմիածինը այսպիսով միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը՝ ապացուցելով, որ մեր քաղաքի հին ավանդույթները շարունակում են ապրել նոր շնչով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Էջմիածնի 2710-ամյակը եզրափակվել է տոնական համերգային ծրագրով ու գեղեցիկ հրավառությամբ: