«Քաոսային» վիճակ չկա, նման հարցերը բարձրացվում են ոչ թե լուծման, այլ քաղաքական աղմուկի նպատակով. ԱՍՀ

Արձագանքելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակմանը՝ Աշխտանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Նվեր Կոստանյանը հայտարարություն է հրապարակել՝ ներկայացնելով պարզաբանումներ:


Նախ և առաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որևէ «քաոսային» իրավիճակ չկա. բնականոն կերպով շարունակվում են իրականացվել Կառավարության կողմից հաստատված բոլոր ծրագրերը: Նորանշանակ նախարարի պաշտոնավարման առաջին իսկ օրերից ընթանում է Նախարարության ներքին կառուցվածքի, ծրագրերի իրականացման ընթացակարգերի և գործառույթների արդյունավետության բարձրացման աշխատանք, որի նպատակն է բարելավել քաղաքացիների սպասարկման որակը:


Օգտատիրոջ կողմից բարձրացված հարցը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված անձանց մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքով ապահովման ծրագրին, ինչի առնչությամբ շահառու անձին և հարցով նախարարություն դիմած անձին տրվել է պատշաճ տեղեկատվություն` թե´ Նախարարության համապատասխան ստորաբաժանման, թե´ Միասնական սոցիալական ծառայության կողմից: Ավելին` շահառու անձը հրավիրվել է Միասնական սոցիալական ծառայություն, որտեղ վերջինիս տրվել է պատշաճ խորհրդատվություն` իրեն հետաքրքրող հարցերի շուրջ:


Տեղեկացնեմ նաև, որ բարձրացված հարցը կրում է տեխնիկական բնույթ և պայմանավորված է ծրագրի ֆինանսական հոսքերի վերաբաշխման անհրաժեշտությամբ, ինչն էլ կիրականացվի Կառավարության այսօրվա նիստի ընթացքում:


Միաժամանակ, ցավով եմ արձանագրում, որ նման հարցադրումները երբեմն ներկայացվում են ոչ թե խնդիրն օպերատիվ լուծելու նպատակով, այլ շատ հաճախ քաղաքական աղմուկ բարձրացնելու հստակ միտումով, ինչին և ականատես եղանք։


Նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական պաշտպանությունն ապահովելու և զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը շարունակաբար բարձրացնելու հարցում։