Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հերթական հրապարակումներից մեկին:
«Հերթական անգրագետ և լկտի սուտ հրապարակումը ստերի թագուհուց` Ժողովուրդ կոչվող թերթոնից: Այնքան անգրագետ, որ տարրական թվեր չեն կարողանում նույնիսկ կարդալ:
Նախ Հայաստանը ԿՈՎԻԴ-ի մահերի թվով աշխարհում շատ ավելի լավ վիճակում է եղել և է, քան իրենց շատ հարուստ երկրներ, էլ չասած իրենց բնորոշմամբ հետսովետական երկրները, պարզապես պետք է ունակ լինել և ցանկություն ունենալ գտնել այդ ամենը և հասկանալ: Հաջորդը մենք մեր վիճակագրությունը 100% թափանցիկ ենք ներկայացրել, ինչը փաստ չէ բոլոր երկրների համար:
Ինչ վերաբերում է կովիդի շուրջ քրեական գործերին. բազմիցս ասել եմ և դա բաց տեղեկատվություն է, որ դրանք ոչ մի կերպ ինձ չեն վերաբերում, ավելին աղմուկ հանած ամենամեծ գործը ընդհանրապես չի վերաբերում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին, սակայն թերթոնի անընդունակ անձնակազմին դա կամ չի հետաքրքրում կամ էլ հակառակը, պարզապես սուտը իրենց մոտ ճիշտ է կոչվում: Եվ եթե այդքան հետաքրքրված եք դրանից, հիմա բաց դատաքննություն է ընթանում, գնացեք և լուսաբանեք այն:
Հ.Գ. իսկ իրականում ստերի թագուհին «վառված» է, քանի որ դատի եմ տվել նրանց հերթական սուտ հոդվածի համար»,- գրել է Թորոսյանը:
Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի հիշյալ հրապարակման մեջ ասվում է, թե կորոնավիրուսի ժամանակահատվածում հետխորհրդային երկրներում ամենաշատ մահացության դեպքերը հենց Հայաստանում են գրանցվել, իսկ այդ ժամանակ առողջապահության նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք, իբր, 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա և առկա է եղել կոռուպցիա: