Հոկտեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն:
Վրաերթի ենթարկվածը «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ժամեր անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: