«Պուտին-Ալիև երկկողմ հանդիպում՝ այսօր. Կքննարկվեն բոլոր կուտակված հարցերը». Պեսկով

«ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «լավ, դրական և կառուցողական» հեռախոսազրույցի ընթացքում»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 

Նա ասել է, որ ռուսական կողմի տրամադրվածությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախաշեմին լի է լավատեսությամբ, և որ նախագահները կկարողանան քննարկել իրենց հարաբերություններում կուտակված բոլոր հարցերը։


 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Կտեսնենք այս հանդիպման արդյունքները։ Մենք այս դեպքում լավատես ենք: Հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և կանդրադառնան առկա խնդրահարույց հարցերին»,- նշել է Պեսկովը։


 

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։