Ալիևը չի կասկածում Պուտինի օբյեկտիվությանը. ՌԴ նախագահը բացահայտել է «Azal»-ի ինքնաթիռի վթարի նոր մանրամասները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպումը սկսել ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը քննարկելով։


Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ինքն Ալիևից ներողություն է խնդրել այն բանի համար, որ «Azal» ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում, և կրկին անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:


Նա նշել է, որ ավիավթարի պատճառներից մեկը երկնքում 3 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առկայությունն է եղել:


Պուտինն Ալիևին ասել է, որ ինքնաթիռն ամենայն հավանականությամբ վնասվել է բեկորներից, ոչ թե հրթիռի խոցող տարրերից: Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից արձակված երկու հրթիռներն ուղիղ հարված չեն հասցրել ինքնաթիռին, այլ պայթել են մի քանի մետր հեռու։


Նրա խոսքով՝ ինքնաթիռի կործանման պատճառները պարզ են դարձել տեղի ունեցածի մանրակրկիտ վերլուծությունից հետո։ Ինքնաթիռի անձնակազմին առաջարկվել է վայրէջք կատարել Մախաչկալայում, սակայն նրանք որոշել են գնալ բազավորման օդանավակայան։


«Ռուսաստանը կտա բոլոր պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատականը և անհրաժեշտ ամեն ինչ կանի ինքնաթիռի կործանման հետ կապված փոխհատուցումների մասով»,– ասել է ՌԴ նախագահը:


Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել տեղեկություններ տրամադրելու համար և հավելել` չի կասկածում, որ հետաքննությունը, որի ընթացքն անձամբ վերահսկում է Ռուսաստանի նախագահը, օբյեկտիվորեն կբացահայտի վթարի պատճառները: