Սա չլրագրության դասական օրինակ է. մարդկային կյանքերը խեղելով վարկանիշ հավաքողները լրագրող չեն. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով՝ լրագրողը փաստերի հետ է աշխատում, ոչ թե բամբասանքների, զերծ է մնում զրպարտությունից, ոչ թե դառնում դրա գործիքը։


«Սրանք պարզ իրողություններ են, որոնք, կարծում եմ, լրագրողները շատ լավ պիտի իմանան։ Բայց, ցավոք սրտի, վերջին շրջանում տեղի ունեցողը հակալրագրություն է և մարդկային կյանքերը ոչնչացնելու փորձ։


Փարաքարում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ վերջերս իրեն լրագրող հռչակած մեկը ակնհայտ ապատեղեկատվություն էր տարածել։ Ներկայացվում էր, թե իբրև իրավապահները հեռախոսային հաղորդագրությունները ստուգելուց «բացահայտել են» ինչ-որ բաներ։ Սա ակնհայտ սուտ է, որի տակ ո՛չ աղբյուր կա, ո՛չ փաստ, իսկ նպատակը հասարակության մեջ մարդկանց հոգեբանական ծանր դրության մեջ դնելն է։


Սա չլրագրության դասական օրինակ է, երբ առանց փաստի պարզապես մերկապարանոց հայտարարություններ են անում մարդկանց կյանքի մասին։ Երբ նման դեպքերից հետո մարդիկ պատասխանատվություն են պահանջում կամ դատական գործընթացներ են սկսում, այս չլրագրողները սկսում են խոսել «մամուլի ազատության» մասին։


Մարդկային կյանքերը խեղելով անձնական վարկանիշ հավաքողները լրագրող չեն։ Հուսամ՝ իրավապահները համապատասխան ընթացք կտան այս դեպքին, և նման ապատեղեկատվություն տարածողները կկրեն իրենց գործողությունների իրավական հետևանքները»,- գրել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը: