Կարող եք խանութից ապառիկով գնել հեծանիվ, պետությունը կսուբսիդավորի տոկոսների մի մասը

Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման նպատակով պետությունը սուբսիդավորում է բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների կողմից հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները:


«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները:


Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ Կառավարության կողմից նախաձեռնությունն իրականացվում է երիտասարդների՝ առողջ ապրելակերպով հետաքրքրվածության խրախուսման և զուգահեռ՝ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց կիրառելու սովորույթի ձևավորման նպատակով:


«Բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները, դասավանդողները և այլ աշխատակիցները ապառիկ ձևաչափով հեծանիվ ձեռքբերելու դեպքում պետական բյուջեի հաշվին տոկոսադրույքների մարում կստանան։ Առաջարկել ենք, որպեսզի ուսումնական հաստատությունները լրացուցիչ խրախուսման մեթոդներ կիրառեն թե՛ աշխատակիցների, թե՛ այն սովորողների հանդեպ, որոնք հետաքրքրված կլինեն այս ծրագրով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում հեծանիվի կիրառման կարևորությունը:


Նա ընդգծել է՝ բազմաթիվ երիտասարդներ, որոնք գյուղերից տեղափոխվում են հարակից քաղաքներում մասնագիտական կրթություն ստանալու, ավելի անկախ կլինեն միջհամայնքային տրանսպորտային ծառայությունների ժամերից և ավելի հեշտությամբ կկարողանան կառավարել իրենց օրը։


Նշվել է՝ պետությունը սուբսիդավորելու է վարկի տոկոսադրույքը, այսինքն՝ վարկի մարումն իրականացվելու է հեծանիվը ձեռք բերողի կողմից: Նրանք կարող են դիմել Հայաստանում գործող բանկերին, վարկային կազմակերպություններին և ձևակերպել վարկը, այնուհետև ԿԳՄՍ նախարարության կողմից կկնքվի համապատասխան պայմանագիրը, որի համաձայն՝ վարկի տոկոսադրույքներն արդեն պետբյուջեից կսուբսիդավորվեն:


Արաքսիա Սվաջյանը նաև նշել է՝ քաղաքացին ինքն է ընտրելու, թե ինչ արժողությամբ հեծանիվ և որտեղից գնել: Նա միաժամանակ տեղեկացրել է՝ նախարարությունը չի աշխատելու առանձնացված որոշակի կազմակերպությունների հետ:


«Գրությամբ դիմել ենք Կենտրոնական բանկին: Ծրագրի մասին տեղեկացրել և համագործակցության առաջարկով դիմել ենք թե՛ բանկերին, և թե՛ վարկային կազմակերպություններին: Կարևոր է նաև ուսումնական հաստատությունների տարածքում հեծանիվների կայանման հնարավորություններ ստեղծելը, մոնիթորինգի որոշակի մեխանիզմներ ներդնելը, որոնք մեզ վստահություն կներշնչեն, որ ձեռք բերված հեծանիվներն օգտագործում են ուսումնական հաստատություն այցելելու նպատակով»,- ասել է նախարարի տեղակալն ու հավելել՝ ծրագրի արդյունքներն ունենալուց հետո կքննարկվի ավելի լայն շրջանակի համար այն ներդնելու հնարավորությունը։


Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետության բոլոր դպրոցները ստացել են հեծանիվներ, բազմաթիվ դպրոցներում հեծանվավազքի խմբակներ են գործում։


«Բոլորովին վերջերս անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվային խճուղավազքի մրցաշարը, որին մեր դպրոցներն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, բավական մեծ մասնակցություն էին ցուցաբերել, ինչը նշանակում է, որ երիտասարդների մոտ արդեն ձևավորվում են որոշակի սովորույթներ հեծանիվ վարելու հետ կապված»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:


Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև հեծանվային երթևեկության համար հարմարեցված ճանապարհների և առանձնացված ենթակառուցվածքների բացակայության խնդրին:


«Սա միմյանց հետ փոխկապակցված հարց է: Վստահ եմ՝ հեծանվորդների հայտնվելուն պես հեծանվուղիները հաստատապես կտեղորոշվեն, կառանձնացվեն քաղաքային և մարզային իշխանությունների կողմից, որպեսզի հեծանիվով տեղաշարժվողների անվտանգությունը ևս ապահովվի: Կարծում եմ՝ պետք է փորձենք խթանել քաղաքացիների կողմից հեծանիվով տեղաշարժվելու սովորույթը և ցանկությունը, որից հետո արդեն համապատասխան ենթակառուցվածքները կստեղծվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։


Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները դրական են ընդունել հեծանիվների արտոնյալ ձեռքբերման  ծրագիրը։


«Խնդրել ենք բուհերին՝ նախաձեռնությանը աջակցելու մեխանիզմներ առաջարկել, որին մի շարք բուհեր արձագանքել են, և ներկայում առաջարկների ամփոփումն ընթացքի մեջ է։ Որոշ բուհեր նախաձեռնել են շահառու ուսանողների երեք ամիսների բանկային վճարումների փոխհատուցում, մյուսները նախատեսել են հավելյալ կրթաթոշակային կամ ուսման վարձի զեղչի ծրագրեր և հավելավճարի հնարավորություն՝ դասախոսական կազմի համար։ Կան բուհեր, որոնք նաև մտածում են հեծանվասպորտի խմբակներ ստեղծելու մասին»,- նշել է Սարգիս Հայոցյանը։


Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված պետական քաղաքականության ընդհանուր համատեքստին, Սարգիս Հայոցյանի ընդգծմամբ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով  ամրագրված են բուհական սպորտի զարգացման դրույթները։


Ըստ ԲԿԳ նախագահի՝ ներկայում պատշաճ ուշադրություն չստացող, սակայն աշխարհի առաջատար բուհերում մեծ կարևորություն ունեցող այս ոլորտն արդեն օրենսդրական անհրաժեշտ հիմքեր ունի նաև մեր երկրում։ Այս առումով նա կարևորել է բուհերի նախաձեռնողականությունը՝ արդեն առկա սպորտային խմբակների զարգացման և նորերի ձևավորման գործում։


Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը հավելել է, որ Ակադեմիական քաղաքում ևս մեծ ուշադրություն է դարձվելու տարբեր մարզաձևերի համար նախատեսված սպորտային ենթակառուցվածքներին, որոնցից կկարողական օգտվել Ակադեմիական քաղաքի տարածքում տեղակայված բոլոր բուհերը։