Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գեղարքունիքի մարզային իշխանությունների հետ այցելել է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ։
Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին և շահառուներին մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին։ Արսեն Թորոսյանը նաև ուսումնասիրել է կենտրոնի հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ իրականացնելու առնչությամբ։
Այցի ընթացքում հաստատության աշխատակազմը նախարարին ներկայացրել է շահառուներին մատուցվող հիմնական ծառայությունները, նրանց զբաղվածությունն ու սոցիալական ներառումը խթանող ծրագրերը։
Իր խոսքում անդրադառնալով նաև հոգեկան առողջության համաշխարհային օրվան՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքը պետք է լինի ոչ միայն պատշաճ կազմակերպված, այլև ուղղված նրանց արժանապատիվ կյանքի և սոցիալական լիարժեք ներառման ապահովմանը։