ԱՍՀ նախարարի խոսնակի արձագանքը «մերձևով» շարժման անդամ Ռոման Երիցյանի վերջին հրապարակումներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ուզում եմ հակիրճ անդրադառնալ «մերձևով» շարժման անդամ Ռոման Երիցյանի վերջին հրապարակումներին, որտեղ վերջինս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպելու և Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները քննարկելու համար մեղադրանքներ է տեղացել Լիաննա Պետրոսյանի հասցեին՝ նշելով, թե ինքն անձամբ չի լիազորել Պետրոսյանին հանդես գալ իր անունից։ 


Նախ՝ ի գիտություն Երիցյանի՝ ուզում եմ նշել, որ նախարարը լիազորագրերի կարիք չունի քաղաքացիների հետ հանդիպելու համար, իսկ Լիաննա Պետրոսյանին  նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է քաղաքացիների ընդունելության շրջանակներում, որը կազմակերպվում է պարբերաբար՝ լսելու վերջիններիս կողմից բարձրացված բազմաբնույթ հարցեր։


Երկրորդ՝ Ռոման Երիցյանին հորդորում եմ տեղահանվածների խնդիրների լուծման հարցում պետությանը չապավինելու ամպագորգոռ հայտարարություններն անելուց առաջ նախ ծանոթանալ բռնի տեղահանումից մինչ այս ՀՀ կառավարության կողմից մեր հայրենակիցների սոցիալական, զբաղվածության, բնակարանային ապահովման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ահռելի աշխատանքներին։ Հիշեցնեմ, որ մինչ օրս պետության կողմից այս ուղղությամբ իրականացվել են ավելի քան 117 մլրդ դրամի ուղիղ դրամական աջակցության ծրագրեր, իսկ բնակարանային ապահովության մասշտաբային պետական ծրագիրը, որն իր ծավալով աննախադեպ է, կազմում է մոտ 800 մլրդ դրամ։


Երրորդ, եթե Ռոման Երիցյանի իրական շահագրգռությունը մեր հայրենակիցների խնդիրները իր նոր կամ ոչ այնքան նոր քաղաքական թիմի համար շահարկումների առարկա դարձնելը չէ, ապա վերջինս ևս կարող է հերթագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը, որի ընթացքում, վստահեցնում եմ, կտրվեն իրեն հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։


Հ․Գ․ Ինչ վերաբերում է ԱՍՀ նախարարության կողմից տեղադրված անիմացիոն հոլովակում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ոչ ճիշտ լույսի ներքո ներկայացնելու փաստին, ապա նշեմ, որ հոլովակը պատրաստվել է օգոստոս ամսին, և հետագայում մեր կողմից տեղադրվելուց առաջ տվյալ դրվագին պատշաճ ուշադրություն չի դարձվել, ինչի համար ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, որոնց հույզերը որևէ կերպով վիրավորել ենք։ Նշված պատկերը որևէ դեպքում չի կարող արտացոլել պետության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամաբ։