ՀՀ կրթական համակարգում այսօր առկա են այնպիսի արտադրանքներ, որոնք վերաբերում են հենց տեխնոլոգիական կրթությանը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում անցկացվող «EdTech Talks by Armath» կոնֆերանսին, որը վերաբերել է տեխնոլոգիական կրթությանը և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը։

«Արմաթ»-ի կողմից այսօր կազմակերպված կրթական կոնֆերանսի ընթացքում ՀՀ-ում գործող տարբեր կրթական ծրագրերի և ոչ ֆորմալ հաստատությունների ղեկավարներ անցկացրել են պանելային քննարկումներ, ունեցել ելույթներ` կիսվելով կրթության վերաբերյալ իրենց տեսլականով, փորձով ու կարծիքով։

 

Ողջունելով կրթական կոնֆերանսի մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ «Դիջիթեքում» տարեցտարի ավելի տեսանելի և նկատելի են դառնում հենց կրթական ծրագրերը։ Անդրադառնալով կրթության մեջ տեխնոլոգիաների գրագետ կիրառմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այն օրակարգային հարց է։

 

«Մեր խնդիրները տարբեր են, բայց դրանք առնչվում են կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառության գրագիտությանը, հնարավորությունների ճիշտ օգտագործմանը և զարգացման նոր հեռանկարներին։ Սրանք հարցեր են, որոնք թե՛ անհատական մակարդակում են մեզ տանելու զարգացման նոր ճանապարհով, թե՛ նոր հնարավորություններ են բացելու կրթական համակարգի համար, թե՛ նաև օգնելու են միջազգայնորեն հաստատել մեր կրթական համակարգի մրցունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ կրթական համակարգի մրցունակությունն ու կրթական արտադրանքի արտահանումը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի կարևոր ուղղություներից են։

 

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն արձանագրել է՝ ՀՀ կրթական համակարգում այսօր առկա են այնպիսի արտադրանքներ, որոնք վերաբերում են հենց տեխնոլոգիական կրթությանն ու հաջողությամբ արտահանվում են.

«Շատ ուրախ եմ, որ այս ուղղությամբ մեր բոլոր ծրագրերը պետության և տվյալ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների համագործակցության արդյունք են, որը ամենաճիշտ զարգացման ճանապարհն է»։

 

Հաջողության պատմություններին զուգահեռ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև առկա խնդիրների վերաբերյալ քննարկումների ծավալումը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» և դրանից բխող գործողությունների պլանը։

Ռազմավարությամբ առանձնացված են չորս կարևոր ուղղություններ, հստակ որակական և քանակական ցուցիչներ, որոնք թույլ են տալու հատկապես պետության համար կարևոր և գերակա ուղղություններում միջազգայնորեն մրցունակ, երկրի հանրային և տնտեսական զարգացման համար էական կշիռ ունեցող հետազոտություն և գիտական արդյունք ունենալ՝ հիմնվելով վերջին տարիներին գիտության ոլորտում կառավարության՝ արդեն իսկ իրականացրած էական ներդրումներին և փոփոխություններին։

«Այդ փաստաթուղթը պետք է ուղղված լինի նաև տեխնոլոգիական կրթության, հետազոտության, գիտության զարգացման խնդիրների ախտորոշմանը և այդ ուղղությամբ ճիշտ գործիքակազմերի որոշմանը։ Հուսով եմ՝ այս օրերի մեր քննարկումներն իրենց արտացոլումը կգտնեն ռազմավարական փաստաթղթերում և մեր առաջիկա անելիքներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հաջող ընթացք մաղթելով կոնֆերանսի մասնակիցներին։

ԿԳՄՍ նախարարը նաև շրջել է «ԴիջիԹեք» ցուցահանդեսում, ծանոթացել տաղավարներին։

Կրթական կոնֆերանսի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը մասնակցել են համապատասխանաբար «Նոր աշխարհ, հին կրթություն․ ինչ ենք մենք իրականում սովորեցնում երեխաներին և ինչպես» և «Կրթության արտահանում․ Հայաստանը որպես edtech հզոր կենտրոն» պանելային քննարկումներին, իսկ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես է եկել ելույթով։

 

«ԴիջիԹեքը» տարածաշրջանի ամենամասշտաբային և ազդեցիկ տեխնոլոգիական հարթակն է։ Այն Հայաստանը ներկայացնում է որպես բարձր ներուժ ունեցող տեխնոլոգիական հաբ՝ միավորելով ավելի քան 300 ընկերության, 40.000 այցելուի, ավելի քան 100 ներդրողի և վենչուրային կապիտալի ներկայացուցչի, ինչպես նաև աշխարհի տարբեր կետերից ժամանած առաջատար մասնագետների։ Հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեքը» ներկայանում է նոր ու առավել ընդգրկուն ձևաչափով՝ որպես ցուցահանդեսի, միջազգային կոնֆերանսի և տոնական փառատոնի համադրություն։