ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աճեմօղլուն և Հայաստանի տնտեսությունը
Սրանից մոտ 12 տարի առաջ տնտեսական թեմաներով մի միջոցառում էր անցկացվում Հայաստանում, որին տեսակապով մասնակցում էր նաև աշխարհահռչակ հայազգի գիտնական Տարոն Աճեմօղլուն: Նա առանց շատ կենտրոնանալու տնտեսական, մասնագիտական հիմնահարցերի վրա՝ պարզ, կարճ ու կոնկրետ ասաց, որ Հայաստանի խնդիրները ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական:
Դրանից հետո՝ 2018 թվականին, Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Երևի կհիշեք, որ Աճեմօղլուն ոգևորված էր տեղի ունեցած հեղափոխությամբ և համարում էր դա լավ սկիզբ՝ երկիրը ի վերջո զարգացման ռելսերի վրա դնելու համար:
Հետո խոսակցություններ եղան, որ նա կարող է գալ Հայաստան, ներգրավվել նոր կառավարության կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործում և օգնել զարգացնել տնտեսությունը: Սակայն այդպես էլ չեկավ:
Դրանից տարիներ անց՝ 2024 թվականի սեպտեմբերին, պատասխանելով այն հարցին, թե ինչու դա տեղի չունեցավ, նա պատասխանեց. «Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ դա անել, ես դրսից մարդ եմ, չեմ հասկանում հայկական էկոնոմիկան մանրամասն։ Չպետք է գերագնահատել դրսից որևէ էքսպերտի» ( https://tert.am/am/news/2024/09/16/daron-achemoxlu/4179893 ):
Ի դեպ, ով չգիտի՝ ասեմ, որ Աճեմօղլուի ուսմունքի հիմնական թեզն այն է, որ առանց ժողովրդավարության, օրենքի իշխանության, առանց ներառականության ու հավասար հնարավորություններ ապահովելու, առանց կայացած ու առողջ պետական ինստուտների, առանց պետության ու հասարակության հավասարակշռված հարաբերությունների՝ անհնար է ունենալ հաջողված երկիր:
Ասածս ինչ է. Աճեմօղլուն համաշխարհային մակարդակի գիտնական է, մեր հպարտությունը, ու պետք չի նրա անունն օգտագործել ի շահ մի քաղաքական ուժի, որի իրական նպատակները տրամագծորեն տարբերվում են Աճեմօղլուի փիլիսոփայությունից, և որն իշխանության գալու դեպքում, պրակտիկ ապացուցելու է Աճեմօղլուի տեսությունը՝ ինչպես են ձախողվում պետությունները: