«Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին՝ հաղթահարելու մնացած տարաձայնությունները, և հարթակ տրամադրել՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը». Գալուզին

Ռուսաստանի «առաջարկը՝ Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի ստորագրման հարթակ տրամադրելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ», հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


Նա նշել է, որ վերջնական կարգավորման հասնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք կատարել, և Մոսկվան պատրաստ է երկու կողմերին համապարփակ աջակցություն ցուցաբերել մնացած տարաձայնությունները հաղթահարելու հարցում, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախկինում ստորագրված եռակողմ հայտարարությունները։


«Մենք պատրաստ ենք շարունակել օգնել Երևանին և Բաքվին փոխադարձաբար ընդունելի լուծումների հասնելու հարցում։ Ռուսաստանը մեծ և արդյունավետ դեր է խաղացել կարգավորման գործընթացում և հատուկ նշանակություն է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ընդգծել է Գալուզինը։