Դուք համարո՞ւմ եք, որ առերևույթ կամ ենթադրյալ ընտրախախտումները հավաստի են ընտրության ելքի վրա ազդեցության տեսանկյունից. Բադասյանը՝ Մուկուչյանին
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ներկայացրած տեսանյութին, թե ինչպես են զինծառայողները քվեախցիկից դուրս քվեաթերթիկ տեղավորում ծրարում, տարածքում կան նաև ոստիկանության ծառայողներ և սպաներ, ովքեր ըստ երևույթին զինծառայողների անմիջական հրամանատարներն են, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց. «Սրա հետ կապված ձեր դիրքորոշումը կարտահայտե՞ք»:

«Կարծում ենք, որ այդ տեսանյութի այդ պատկերների ուսումնասիրությամբ միանշանակ և ուղղակիորեն դատողություն անել, կապված ուղղորդումների հետ՝ այդ տեսանյութով գոնե չի փաստվում»,- պատասխանեց Մուկուչյանը:

Ռուստամ Բադասյանը խնդրեց հայտնել ԿԸՀ դիրքորոշումը.  «Արդյոք դուք համարո՞ւմ եք, որ առերևույթ կամ ենթադրյալ ընտրախախտումները հավաստի են ընտրության ելքի վրա ազդեցության տեսանկյունից»:

«Կան ամենատարբեր տեսանյութեր տարբեր հանգամանքների վերաբերյալ: Կան տեսանյութեր, որոնք առաջացնում են հետագա ուսումնասիրության անհրաժեշտություն: Բայց ընդհանուր առմամբ այդ տեսանյութերը վերաբերում են առանձին տեղամասերում տեղի ունեցած առանձին դեպքերի»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը: