Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է թմրամիջոցի իրացումների շղթա, նաև հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք։
Օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանները սկսեցին իրացնել նոյեմբերի 9-ին։ Ըստ հավաստի տեղեկության՝ օտարերկրյա մի քաղաքացի այդ օրը պետք է թմրանյութ ձեռք բերեր Գյումրիի բնակչից։
Ժամը 19․45-ին Գյումրիի Անկախության փողոցում օտարերկրացին ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ՝ լցված շուրջ 4 գրամ մարիխուանայով։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին՝ ժամը 11․45-ին հայտնաբերվեց ու ձերբակալվեց նաև օտարերկրացուն թմրանյութն իրացրած գյումրեցի 65-ամյա տղամարդը։ Նա խոստովանեց, որ օտարերկրյա քաղաքացիների պարբերաբար իրացրել է մարիխուանա։
Արդեն հաջորդ օրը Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերեցին նաև 65-ամյա տղամարդուն թմրանյութ իրացրած մեկ այլ գյումրեցու։ Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11․50-ին, 57-ամյա տղամարդը ձերբկալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայով փաթեթներ ու կաթուցիչ, իսկ նրա տան խուզարկությամբ՝ տարաներում լցված շուրջ 270 գրամ մարիխուանա, կանեփի սերմեր, նաև՝ ապօրինի պահվող ատրճանակ ու երկփողանի ողորկափող հրացան։
Նախաքննությունը շարունակվում է։