Պարոն Թաթոյան, իրականում Դուք տվեցիք ամենակարևոր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Ձեզ չի կարելի ընտրել․ Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Արման Թաթոյանը, իր խոսքերով, «տարիների բարձունքից» գնահատական է տալիս Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագրի իշխանության գալուն (ատելության ալիքի վրա և այլն), բայց երբ լրագրողը հարցնում է՝ ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուն, համառորեն չի ուզում մտնել այդ թեմայի մեջ, լրագրողին թույլ չի տալիս իրեն «տանել այդ օրակարգ»: Լրագրողը հիշեցնում է, որ պարոն Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել, ըստ այդմ, իրեն կարող են հարցնել՝ ինչպես է վերաբերվում կոնկրետ անձի կոնկրետ գործողությանը, ասում է՝ կոնկրետ անձերի թեմաների մեջ չեմ մտնում, անձերին գնահատական չեմ ուզում տալ:


Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճը ցույց տալու թեմայի վրա քաղաքական թեզեր է հնչեցնում, ներկայիս իշխանության (գործադիր և օրենսդիր) բոլոր ներկայացուցիչների մասնագիտական որակները կասկածի տակ է դնում, բայց փաստացի երրորդ ժամկետով իշխանություն ստանձնելու երևույթին գնահատական չի տալիս, «վեր է կանգնած այդ թեմայից»,ու հպարտությամբ ասում է, որ չի հաջողվելու իրենից գնահատական կորզել:


Խոսում է գործող Սահմանադրության թերությունների մասին, բայց երբ լրագրոը հարցնում է 2015-ին ի՞նչ կարծիք ուներ Սահմանադրության փոփոխությունների մասին, ասում է՝ ես այն ժամանակ պաշտոնյա էի, պրոֆեսիոնալ գործով էի զբաղված, իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում կարծիք հայտնել:


Լրագրողը հարցնում է՝ ինչպե՞ս է վերաբերվում Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես, խոշոր բիզնեսի՝ քաղաքականություն մտնելուն, մարդը մի քանի րոպե խոսում է ամեն ինչից (իշխանության գործելաոճից, քաղաքական հետապնդումներից), բացի կոնկրետ հարցին պատասխանելուց:


Արդեն գուշակեցիք պատասխանը՝ «որևէ անձի գնահատական չի տալու»)))


Կոնկրետ ուժերի հետ կոալիցիա ձևավորելու մասին է հարցնում, ասում է՝ կանխատեսումներ չի անում: Եվ իհարկե, «գնահատականներ չի տալիս»: Բացի իշխանություններից, իհարկե:


Բնականաբար, մյուս հարցերի վերաբերյալ էլ (խաղաղության պայմանագիր և այլն) «պատասխանները» նույն տրամաբանության մեջ էին: Եվ այդպես՝ 53 րոպե:


Այլ կերպ ասած, մարդը եկել էր հարցազրույցի, որ ասի՝ հույս չունենաք, որ հարցերին կպատասխանեմ: Մի պահ մտածեցի՝ Բագրատ Գալստանյանի Հ1-ի հարցազրույցի երկրորդ սերիան է, ուղղակի առանց սքեմի:


Պարոն Թաթոյան, իրականում Դուք տվեցիք ամենակարևոր հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Ձեզ չի կարելի ընտրել:


Հ.Գ. - Արշալույս Մղդեսյան ջան, ապրես»։