Ֆինլանդիան Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ ռմբապաստարաններ և բունկերներ կան գրեթե բոլոր քաղաքացիների համար։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Bild-ի թղթակից Ալբերտ Լինկը այցելել է Հելսինկիի մեծ բունկերը, որը գտնվում է 20 մետր խորության վրա և տեղավորում է 6000 մարդ։ Քաղաքացիական պաշտպանության հրահանգիչ Թոմի Ռասկիի խոսքով՝ բունկերում կարելի է պատսպարվել անգամ միջուկային հարվածի ժամանակ։
Հրապարակման համաձայն՝ ներկայումս կա 50,5 հազար նման բունկեր, որտեղ կարող է միաժամանակ պատսպարվել 4,8 միլիոն մարդ (երկրի 5,5 միլիոն բնակչից)։ Համեմատության համար, Գերմանիայում ապաստարաններում կա ընդամենը 480 հազար տեղ, այսինքն՝ մեկ տեղ՝ 174 մարդու համար։
Թեև բունկերները էժան չեն, դրանք կարող են տեղավորել ֆիթնես կենտրոններ, մանկական խաղահրապարակներ, հոկեյի մարզադաշտեր և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան և Էստոնիան, ծրագրեր են մշակում բնակչության զանգվածային տարհանման համար՝ ռուսական ներխուժման դեպքում։
Նաև հաղորդվել էր, որ ֆիննական Միկկելի քաղաքում (300 կմ Սանկտ Պետերբուրգից) տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Հյուսիսային Եվրոպայի ցամաքային զորքերի շտաբի բացման արարողությունը։