Եկեղեցու անունը բարձր պահելուն ուղղված քայլերը չեն կարող համարվել հակաեկեղեցական. Մանավազյան

Անհատներին չպետք է նույնացնել եկեղեցու հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ շարունակելով.


«Երբ որևէ գերատեսչությունում պաշտոնատար անձը կաշառք է վերցնում կամ կոռուպցիոն գործունեություն է ծավալում, պետությունը, բնականաբար, պարտավոր է հակազդել․ ազատել այդ անձին պաշտոնից կամ ենթարկել պատասխանատվության։ Այդպիսի դեպքերում հասարակության մոտ հարց չի առաջանում՝ «ինչո՞ւ այդպես եղավ», քանի որ տրամաբանական է․ պետությունը պաշտպանում է սեփական համակարգի մաքրությունը։


Սակայն երբ նույն մոտեցումը դրսևորվում է եկեղեցական շրջանակներում, երբ իրավապահ մարմինները փորձում են պարզել որոշ հոգևորականների վարքագծի կասկածելի դրվագները, հանկարծ մի խումբ մարդիկ դա սկսում են ներկայացնել որպես եկեղեցու դեմ պայքար։ Այս արձագանքը ոչ միայն սխալ է, այլև վնասակար թե՛ եկեղեցու, թե՛ հասարակության համար։


Պարզությանը, թափանցիկությանը և եկեղեցու անունը բարձր պահելուն ուղղված քայլերը չեն կարող համարվել հակաեկեղեցական։ Եկեղեցին ինստիտուտ է՝ հոգևոր, մշակութային և ազգային կարևոր դեր ունեցող կառույց։ Իսկ անհատ հոգևորականը, որքան էլ բարձր դիրք ունենա, նախ և առաջ մարդ է՝ իր թուլություններով ու պատասխանատվությամբ։


Հետևաբար, եկեղեցուն նույնացնել յուրաքանչյուր հոգևորականի հետ նույնքան սխալ է, որքան պետությանը նույնացնել մեկ կոռուպցիոներ պաշտոնյայի հետ։ Երկու դեպքում էլ պետությունը հակազդում է ոչ թե ինստիտուտին, այլ սխալին։ Իսկ մաքրումը, որքան էլ ցավոտ լինի, միշտ էլ ծառայում է հենց ինստիտուտի ուժեղացմանը»։