Կտրիճ Ներսիսյանին հավանաբար մինչև իր գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ը, ժամանակ է տրվել․ Վառնայի հոգևոր հովիվ

Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր հովիվ տեր Արմեն  քահանա Մելքոնյանի հետ զրուցել ենք հոգևորականների կալանավորումների և Արագածոտնի թեմում իրականացված խուզարկությունների մասին։


Նա նշեց, որ չգիտի, թե ինչու է այսպիսի մեծ աղմուկ բարձրացել, որ հոգևորականներին ձերբակալել են, քանի որ մենք միշտ պետք է հասկանանք, որ առաջնորդը կամ հոգևորականը տվյալ երկրում, այս պարագայում՝ Հայաստանում, ինքը քաղաքացի է, և կառավարությունը կամ պետությունը որևէ օրինախախտման պարագայում իրավունք ունի հարցաքննելու ամեն մեկին։


«Ես այսօր  լսում էի վարչապետի ճեպազրույցը, և ինքն անդրադարձավ, որ սրանից մի քանի տարի առաջ եպիսկոպոս կալանավորվեց մի քանի տարով, հետո անմեղ ճանաչվեց և դուրս եկավ։ Դա նախկին իշխանությունների ժամանակ էր։ Ո՞րն է խնդիրը։ Եթե որևէ մեկը՝ լինի աշխարհիկ, թե հոգևորական, օրինախախտություն է անում, ուրեմն պետք է օրենքի առջև հաշիվ տա։ Եվ սա ոչ միայն Հայաստանում, սա ամբողջ աշխարհում է ընդունված, նույնիսկ Եվրոպայում է ընդունված։ Այսինքն՝ եթե ինքը հոգևորական ինչ-որ պաշտոն կամ դիրք ունի, սուրբ  հոգուց պաշտպանվա՞ծ է»,- ասաց տեր Արմենը։


Խոսելով Կտրիճ Ներսիսյանի հրաժարականի մասին և հարցին, թե արդյոք վարչապետը սպասում է, որ հոգևորականների միջոցո՞վ այդ հարցը լուծվի, տեր Արմենն ասաց, որ վարչապետի սպասումը դա չէ, վարչապետը շատ լավ գիտի, որ հենց «գլուխն ընկավ», «գլուխը ջարդվեց»՝ «մարմինը ամբողջությամբ կփշրվի», և կմնան միայն առողջ անդամները։


«Շատ լավ նշան է, որ Մկրտիչ սրբազանով սկսեցին։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները ձեռքը դրեցին վերքի վրա։ Այսինքն՝ մինչև հիմա Կտրիճը չէր հասկանում, որ ժամանակը պրծնում է։ Քո ժամանակն ավարտին է հասնում, շարժվիր, գնա քո արժանապատվությամբ, եթե արժանապատվություն ունես։ Բայց քանի որ հիմա կպան իր քրոջ որդուն, պետք է հասկանա, որ վերջ, մտավ քո տուն, ժամանակն է, որ հեռանաս։ Եվ ես կարծում եմ, որ այս ամենը համընկնում է «Հոկտեմբերի 27»-ի հետ։ Մենք գիտենք՝ հոկտեմբերի 27-ին ինչ եղավ։ Հավանաբար մինչև իր գահակալության օրը իրեն ժամանակ է տրվել, որ արժանապատվորեն գնա։ Ես հուսով եմ, որ ինքը դա կհասկանա»,- ասաց տեր Արմենը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան