Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ԱԺ «Հայաստան»
խմբակցության նախկին պատգամավոր, 7or.am-ի սեփականատեր և վերջապես Ռոբերտ Քոչարյանի
թիմակից Անդրանիկ Թևանյանը Հ1-ի եթերում, մտնելով իր համար որոշված նոր՝ քվազիքաղաքական
դերի մեջ, երեսպաշտության, փարիսեցիության «մաստեր կլասս» ցույց տվեց՝ անդրադառնալով
իշխանության կողմից «եկեղեցու դեմ արշավին»։ «Հայկական եկեղեցին էն ինքնության առանձին
ինստիտուտներից մեկն է, որը ՀՀ անվտանգային համակարգերից մեկն էլ է դառնում՝ որպես
ինքնության պահպանություն։ Երբ դու հարձակվում ես եկեղեցականների դեմ, վարկաբեկում
ես նրան, ինստիտուտն էլ է վարկաբեկվում։ Եթե դու քննադատում ես առանձին եկեղեցականների
վարքագիծը, եկեղեցու որոշակի սոցիալական կոնցեպտը կամ դրա բացակայությունը, կրոնական
համակարգի հետ կապված բարեփոխումներ ես առաջարկում, դա նշանակում է՝ դու դրական փոփոխության ակնկալիքով ես քննադատում,
բայց երբ որ դու քննադատում ես ոչնչացնելու նպատակով, սա արդեն մենք չենք ընդունում»։ Թևանյանն, ի դեպ, մի ուշագրավ
համընկնում էլ է տեսնում իր նկարագրած այս «վայրագ վարքագծում», ընդ որում, բնավ օրիգինալ
չէ իր՝ պատճառահետևանքային կապերը տեսնելու հարցում։ Ըստ Թևանյանի՝ ՀՀ
կառավարության ղեկավարը Փաշազադեի՝ Կովկասի
մահմեդականների վարչության ղեկավարի հրահանգով է անցել եկեղեցին վարկաբեկելու գործին,
քանի որ «եկեղեցին խոսում է Բաքվում պահվող ռազմագերիներից, արցախցիների վերադարձից,
խոսում է ՀՀ ինքնիշխան տարածքների դեօկուպացիայից, և դրանից հետո՝ Փաշազադեի ասածից
հետո, տեղի է ունենում հարձակում․․․»։
Թևանյանի ճարտասանությանը առանձնապես ուշադրության չէինք արժանացնի, եթե նրա հետ
աֆիլացված կայքում՝ «7օր»-ում, նախկինում հրապարակված չլինեին
եկեղեցին անողոք քննադատության ենթարկող հոդվածներ ու գրառումներ, ընդ որում՝ ամենագարշելի բառապաշարով։ Համոզվելու համար բավական
է միայն «բենթլի», «օֆշոր» և մի քանի այլ բանալի բառերով որոնում իրականացնել հիշյալ
կայքում։ Այսօր, փաստորեն, եկեղեցու
պաշտպանությանն է զինվորագրվել մեկը, որը ժամանակին անողոք քննադատության էր ենթարկում
իր կողմից նշված ազգային ինստիտուտը՝ չխնայելով նաև Ամենայն հայոց կաթողիկոսին և, որ
ամենանողկալին է, գեներացնելով եկեղեցու «բենթլիացման»,
կղերա-օլիգարխացման, «օֆշորացման» թեզը։
Արդ, հարց է ծագում, թե ո՞ւմ ցուցումով էր
«պոլիտէկոնոմիստ» Թևանյանը զբաղված եկեղեցու
հեղինակության ոչնչացմամբ՝ Փաշազադեի՞, թե՞, ասենք, Ռոբերտ Քոչարյանի կամ այլ՝ Եկեղեցի
ինստիտուտի հեղինակությունը պղտորելու միտում
ունեցող օտար երկրից ուղղորդող սուբյեկտի։
Օրինակ՝ 2013-ին այսպիսի վերնագրով՝ «Եվ մի՛ տանիր զմեզ ի օֆշոր», նյութ է հրապարակվել վերոհիշյալ
կայքում, որտեղ խոսվում է ժամանակին մեծ աղմուկ հանած «օֆշորի» գործի և դրա դերակատարների՝
նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի և Արարատյան
հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «օրթախ բիզնեսի» մասին։ Հոդվածագիրը, մեջբերելով Սուքիասյանի՝ «Հետք»-ին գրած նամակը,
որտեղ նշվում է, թե վարչապետին ու Կճոյանին փայատեր է դարձրել, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր
ոտնձգություններից, նկատում է․ «Վարչապետին
բիզնեսի «կռիշ» դարձնելը Հայաստանի տիպի
պետություններում ընդունված պրակտիկա է։ Այս առումով զարմանալի բան չկա։
Զարմանալին այն է, որ սահմանադրորեն աշխարհիկ հռչակված Հայաստանում բիզնեսի «կռիշ»
կարող են դարձնել նաև հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Փաստորեն, մեզանում սողացող
տարբերակով կղերա-օլիգարխիկ համակարգ է ստեղծվում։
Օֆշորային այս գործը, ըստ այդմ, սովորական մեքենայություն չէ։ Գործն առնչվում է
մեր պետության հիմքերին ու պետական կարգին։ Հարկ է ընդգծել, որ պետության և եկեղեցու սերտաճումը
դեռ ոչ մի ժողովրդի բարեկեցություն և երջանկություն չի բերել։ Հակառակը՝
պետության և եկեղեցու միախառնումը այլասերել է հասարակական հարաբերությունները։
Այսօրվա Արևմուտքը պետության և եկեղեցու տարանջատման
արդյունք է։ Հետևաբար փարիսեցիություն է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու
նրանց նեղ շրջապատի արևմտամետ խաղալը։ Մենք իրականում գործ ունենք Աստծո անունը
հաճախ տվող, բայց մամոնային ծառայող հանցավոր խմբի հետ»։
Նկատենք,
որ Թևանյանին աֆիլացված կայքը ժամանակին ոչ միայն «հակաեկեղեցական» հոդվածներ էր
տպագրում, այլև զբաղված էր նույնաբովանդակ ֆեյսբուքյան գրառումների տիրաժավորմամբ։
Նշանակում է՝ հատուկ միտում ուներ ուղղորդված քննադատության ենթարկել Մայր
Աթոռին։ «Աստծուն ծառայելուց առաջ պետք է հավատարմության
երդում տաս Սերժ Սարգսյանին» վերնագրով գրառման մեջ նշված է, թե՝ «պարզվում է՝ քահանա լինելու համար պետք է նախ
հանրապետական լինես և Աստծուն ծառայելուց առաջ հավատարմության երդում տաս Սերժ
Սարգսյանին»: «Կաթողիկոսի սրբազան գահը
եկամտաբեր բիզնեսի վերածած վեհափառն Էրեբունիում (ՊՊԾ գնդի գրավումը-խմբ.) տեղի ունեցած
դեպքերից և դրան հաջորդած իրադարձություններից հետո «կադրային ջարդ» է սկսել
եկեղեցում և հեռացնում է բոլոր այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մի «թթու
խոսք» ասել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը կամ էլ բողոքի ցույցերին են
մասնակցել՝ կանգնելով ժողովրդի կողքին:
Օրեր առաջ իմացանք, որ Գարեգին Երկրորդը Հոլանդիայում հոգևորականի է
կարգալույծ արել բողոքի ցույցին մասնակցելու համար, այսօր հայտնի դարձավ, որ նման
կերպ է վարվել նաև երկու այլ քահանաների հետ՝ արդեն Հայաստանում: Նրանք նույնպես
ցույցերի են մասնակցել, բայց արդեն Երևանում՝ Խորենացի փողոցում: Մեր բարձրաստիճան
շատ հոգևորականների պահվածքն ընդհանրապես միայն պարսավանքի է արժանի, քանզի նրանք
պարզապես խայտառակում են մեր Եկեղեցին: Եվ այս խայտառակությունը գալիս է հենց
Գարեգին Բ-ից, ով Սերժ Սարգսյանի համար վերածվել է Աստծո մոտ յուրահատուկ
բարեխոսի, և ով աչքերը փակում է կամ էլ արդարացնում Սերժ Սարգսյանի ցանկացած
դատապարտելի արարք, դրա դիմաց էլ ստանում հարկային և այլ ֆինանսական
արտոնություններ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար, քանի որ վեհափառը չի
սահմանափակվում միայն ՓԲԸ-ի վերածված Եկեղեցու եկամուտներից, այլ ձեռքը գցել է նաև
«աշխարհիկ» բիզնեսներին։ Սա պարզապես ամոթալի է․․․»։
«Հայոց պետականության կորուստները
հիմնականում տեղի են ունեցել հենց եկեղեցու պատճառով։ Ինչպե՞ս կարող է դա եկեղեցի
լինել, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճյուղի և 1500 տարի չի փոխվում։
Անպատժելի մի կառույց է դա՝ Քրիստոսի և հավատքի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող։
Մի՞թե դա պարզ չէ։ Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ
եկեղեցին պետության կարիք չունի։ Գտնում եմ, որ այն զգալիորեն պետք է բարեփոխվի, և
չեմ գտնում, որ տերտերների կամայականությունը՝ ոչինչ չփոխելու, պետք է գերակայի։
Մեկ անգամ տեսե՞լ եք հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի բալանսը
մամուլում տպված։ Որտեղի՞ց այդ փողերը։ Ո՞վ է սահմանում մոմի գինը։ Սա կոչվում է
ստվերային տնտեսություն»։ Չեք հավատա, բայց այս «դիագնոզի» հեղինակը, որի հետ
համակարծիք է եղել ու այդ իրողության բերումով տիրաժավորել է Անդրանիկ Թևանյանի
հետ կապվող կայքը, նախկին վարչապետ, տնտեսագետ, ինչպես կասեր Լ. Տեր-Պետրոսյանը՝
«չգնահատված հանճար» Հրանտ Բագրատյանն է։
Հ.Գ. Ի դեպ, 2011-ին ՀՀ էր ժամանել
Թևանյանի և նրա քաղաքական գաղափարակիցների «քարոզչական մուսա» Փաշազադեն՝ Գարեգին
Բ-ի հրավերով։ ԱՊՀ
միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Երևանում գտնվող Փաշազադեին և Գարեգին Բ-ին ընդունել էր երրորդ
նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ Փաշազադեի՝ իր այցելության մասին
մեկնաբանությունը հրապարակել էր նաև «7or»-ը: Կովկասի
մահմեդականների հոգևոր առաջնորդը մասնավորապես նշել էր, թե իր համար «շատ
ծանր էր այնտեղ գնալը»։ «Ներքին ձայնս ասում էր, որ եթե ունենալու եմ
հնարավորություն ճշմարտության մասին խոսել և պետք է խոսեմ ճշմարտության մասին, ապա
նշանակություն չունի՝ ուր եմ գնում։ Ուր էլ որ լիներ, ես պետք է գնայի։ Եթե
չգնայի, ապա դա վախկոտության դրսևորում կլիներ։ Բացի այդ, միջոցառման շրջանակում
ընտրություններ պետք է անցկացվեին, և իմ ներկայությունն այնտեղ, որպես
համանախագահ, պարզապես անհրաժեշտ էր»,- ազդարարել էր Փաշազադեն, որը նախորդ ռեժիմի օրոք էլ բազմիցս
հանդես էր եկել բացահայտ հակահայ հայտարարություններով։ Նրա այցից հետո, սակայն,
ոչ ոք գլխի չէր ընկել միտինգ կազմակերպել կամ, ասենք, Գարեգին Բ-ին և կամ Սերժ
Սարգսյանին անվանել մեր ազգային ինստիտուտը քանդող, պղծող, անարգող ու եթե կուզեք՝
բռնաբարող միայն այն բանի համար, որ Փաշազադե են հրավիրում ու ընդունում
ամենաբարձր մակարդակով։ Ի դեպ, մի դիտարկում էլ՝ վերոհիշյալ կայքում
հակաեկեղեցական արշավը ո՞ւմ հրահանգով էր Թևանյանն իրականացնում, քանի որ
ժամանակագրական առումով այդ արշավը տեմպ է հավաքել Կովկասի մահմեդականների
վարչության նախագահի այցից հետո։
Հ. Մանուկյան