ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ավագանու նիստում արված հայտարարություններին:
«Գյումրու համայնքապետի ժամանակավոր տեղապահ Վարդանիկը այսօր ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ ճոռո-ճոռո խոսելու ընթացքում ներկայացրել է, իբր կառավարությունը այս 7 տարիների ընթացքում քաղաքում ոչինչ չի արել։
Վարդանի՜կ, ուշադիր լսի՜ր, այս 7 տարիների ընթացքում Գյումրիում կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ կատարվել են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են`
1. Գյումրու քաղաքային ճանապարհների վերանորոգում (2018-2021թթ., ընդհանուր արժեքը 11,6 մլրդ դրամ)
2.«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցում (2021թ, ծրագրի արժեքը 6,7 մլրդ դրամ)
3.Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների վերանորոգում(2023թ., ծրագրի արժեքը 1,1 մլրդ դրամ)
Վարդանի՜կ, Սլաբոտկա թաղամասի էդ սիրուն-սիրուն փողոցները, որ ասֆալտապատվել են և զրահապատ մեքենայովդ ճռ ու վռ անելով գնում ես ժամանակավոր աշխատանքիդ` դա Կառավարության ֆինանսավորմամբ է իրականացվել, Շիրակացու փողոցը, որ հիմա կառուցվում է` կառավարության ֆինանսավորմամբ է կառուցվում։
Վարդանի՜կ, վերջին 7 տարիների ընթացքում կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ Գյումրիում իրականացվել է ընդհանուր 56 քաղաքաշինական ծրագիր, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 43 մլրդ դրամ։
Վարդանի՜կ, քո օրոք կառուցված Գյումրու Մուշ թաղամասի պատերի միջի արմատուրաները ո՞րտեղ են, Վարդանի՜կ, շենքերի անորակ դուռ պատուհանները, անորակ շինարարությունը չէ՞իր նկատում, թե էդ ժամանակ լավ էր, տաք էր, բերում էին, տալիս էին։
Սիրելի՜ Գյումրեցիներ, բան չմնաց, համբերե՜ք»,- գրել է պատգամավորը: