Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթում հրապարակվել է Դարոն Աճեմօղլուի պարզաբանումը՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու հրապարակումների հետ կապված։
Աճեմօղլուն մասնավորապես նշել
է, որ ինքը չի հարում հայաստանյան որևէ քաղաքական ուժի:
Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի
կողմից հիմնադրված և ներկայումս քաղաքական կուսակցություն դառնալու գործընթացում գտնվող
«Մեր ձևով»
շարժման կողմից կազմակերպված վերջին հանդիպման ժամանակ տարածվել է Նոբելյան
մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի կողմից ուղարկված տեսաուղերձը, որում
նշվում է, որ Աճեմօղլուն խորհրդատվություն է տրամադրելու շարժմանը:
Աճեմօղլուն «Ակոս»-ին պարզաբանել է. «Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի համար,
բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»:
Աճեմօղլուի ելույթից առաջ շարժման
առաջնորդներից մեկը՝ Նարեկ Կարապետյանը, հայտարարել է, որ Աճեմօղլուն որպես խորհրդատու
և փորձագետ կմասնակցի շարժման աշխատանքներին Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի
վերաբերյալ: Իր ելույթում Աճեմօղլուն ընդգծել է, որ «արհեստական բանականությունը
և դրա բերած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար»:
Աճեմօղլուն «Ակոսի»-ի հարցմանն
ի պատասխան մասնավորապես նշել է․ «Ես չեմ համագործակցում որևէ կուսակցության հետ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում: Ես հաղորդագրություն
ուղարկեցի նրանց համաժողովի համար, բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»։
Հիշեցնենք, որ այդ միջոցառումից
հետո հայաստանյան բազմաթիվ լրատվական կայքեր
տարածել էին, թե Աճեմօղլուն միացել է Կարապետյանի շարժմանը: