TRIPP-ի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության, մարդկանց միջև շփումների համար. Աբիսողոմոնյան

Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը: 


«Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ուգանդայի կառավարությանը՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպումը Կամպալայում կազմակերպելու համար։ Մենք բարձր ենք գնահատում Ուգանդայի Հանրապետության նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի առաջնորդությունը՝ որպես Չմիավորման շարժման նախագահ, միջազգային օրակարգում Շարժման դերի ամրապնդման գործում։


Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Ուգանդային՝ Չմիավորման շարժման 19-րդ միջանկյալ նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես դիտորդ երկիր հրավիրելու համար։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ է ելույթ ունենում Չմիավորման շարժման պաշտոնական հանդիպմանը: Մենք գնահատում ենք մեթոդաբանության վերաբերյալ Կարտախենայի փաստաթղթով ամրագրված Շարժման սկզբունքների և ընթացակարգերի պահպանումը, ինչպես նաև Ուգանդայի ջանքերը՝ ուղղված Շարժման շրջանակներում ներառականության և տարբեր տեսակետների բարձրաձայնման հարցում հարգանքի ապահովմանը:


Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների։ Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը՝ համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար: Մենք պետք է վճռական լինենք՝ մերժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Կամպալայի հռչակագրի և ընդհանուր առմամբ Չմիավորման շարժման օրակարգի առանցքային թեմաներից է Պաղեստինի հարցը։ Այս համատեքստում Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է՝ բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար:


Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի՝ որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ:


Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական  ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին:

Եվ վերջապես, 2026թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Երկու շաբաթ շարունակ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, կվերածվի գլոբալ բնապահպանական բանակցությունների կենտրոնի, այդ թվում՝ այնպիսի անկյունաքարային թեմաների շուրջ, ինչպիսիք են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայումը, ռեսուրսների մոբիլիզացիան, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը։ Հայաստանյան նախագահությունը ջանք չի խնայի՝ ապահովելու COP17-ի՝ իրապես ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անցկացումը՝ համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով ձևավորել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդյունավետ և նպատակահեն գործողություններ։


Եզրափակելով թույլ տվեք ընդգծել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու Չմիավորման շարժման և դրա անդամ պետությունների հետ մեր համընդհանուր նպատակների՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի, ուժի չկիրառման և միջազգային համագործակցության առաջմղման ուղղությամբ»,- հայտարարել է ԱԳ փոխնախարարը: