«Խոչընդոտներ չկան». ԵՄ պատժամիջոցները չեն արգելում ՌԴ նախագահին մուտք գործել միություն. Եվրահանձնաժողով

Եվրոպական պատժամիջոցները չեն ներառում ՌԴ նախագահին և ԱԳ նախարարին Եվրամիություն (ԵՄ) այցելելու արգելք, ուստի Ռուսաստանի նախագահի՝ Հունգարիա մեկնելու խոչընդոտներ չկան։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Անիտա Հիպերը։


«ԵՄ պատժամիջոցները ներառում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվների սառեցման մասին որոշում, սակայն դրանք չեն ներառում ԵՄ տարածք նրանց այցելությունների արգելք, ուստի այդ տեսանկյունից [Հունգարիայում գագաթնաժողով անցկացնելու համար] խոչընդոտներ չկան»,- հայտարարել է նա։


Նա նաև ընդունել է, որ ԵՄ երկրները կարող են որոշումներ ընդունել՝ ժամանակավորապես չկատարելու ՄՔԴ-ի օրդերը, որը նախատեսում է այդ դատարանը ճանաչող երկրներին՝ իրենց տարածքում ձերբակալել Ռուսաստանի նախագահին։


«ԵՄ երկրները կարող են բացառություններ անել ՄՔԴ-ի օրդերի վերաբերյալ իրենց պարտավորություններից, սակայն նման որոշումները պետք է կայացվեն ազգային մակարդակով ԵՄ երկրների կողմից»,- նշել է Հիպերը։


Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի՝ դեպի Հունգարիա թռիչքի թույլտվությունը ԵՄ պետությունների օդային տարածքով «պետք է ընդունեն այդ պետությունների կառավարությունները»։ Քանի որ Հունգարիան և Ռուսաստանը սահման չունեն, ՌԴ նախագահի ինքնաթիռը դեպի Հունգարիա մեկնելու ճանապարհին պետք է հատի ԵՄ այլ երկրների օդային տարածքները։



Ջիլը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը կողջունի գագաթնաժողովի անցկացումը, եթե այն հանգեցնի Ուկրաինայում խաղաղության։


«Այս չհաստատված հանդիպման առնչությամբ ես կարող եմ ասել միայն, որ ցանկացած հանդիպում, որը կարող է հանգեցնել Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղության, Եվրահանձնաժողովը կհամարի դրական»,- ասել է Ջիլը՝ հավելելով, որ ԵՀ-ն դեռևս որևէ տեղեկություն չի ստացել Բուդապեշտի գագաթնաժողովի մասին։