Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի հետ կապված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգի տարրերը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը նախ նշել է, որ բարեվարքության համակարգը զարգացող ոլորտ է, և յուրաքանչյուր տարի նոր կարգավորումներին զուգընթաց անհրաժեշտ է վարքագիծը համապատասխանեցնել համակարգի տարրերին: Հաջորդիվ՝ Մարիամ Գալստյանը ներկայացրել է մանրամասներ բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները, նվերներ ընդունելու սահմանափակումները, անհամատեղելիության պահանջները, շահերի բախումը և այլ սահմանափակումներ՝ պայմանավորված պաշտոնեական պարտականությունների կատարմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Վարքագծի կանոնագրքով սահմանված վարքագծի սկզբունքներին ու կանոններին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել բարեվարքության գնահատման մեխանիզմների ու կառուցակարգերի շարունակական բարելավման շուրջ:

Վարչապետը կարևորել է բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործումն ու հանրային հաշվետվողականությունը, հանձնարարել գույքագրել ներկայացված առաջարկությունները, կարծիքները, դիտարկումները, հասցեագրել դրանք ըստ իրավասու մարմինների և համապատասխան կարգավորումներ իրականացնել: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նաև այս ձևաչափով պարբերական հանդիպումների կազմակերպումը: