Civic.am-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրեններին, աշխատակազմին փակել մանկապարտեզները և գնալ քաղաքապետարան՝ իրեն աջակցելու։
Երեխաների ծնողները մեզ ահազանգել
են, որ իրենց հորդորել են վերցնել երեխաներին։ Այս պահին մի շարք մանկապարտեզներ փակ
են, իսկ աշխատակազմը, Ղուկասյանի հրահանգով,
հավաքվում է քաղաքապետարանի մոտ, որտեղ իրականացվում են քննչական գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել
է, որ օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված
մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների
արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի
կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Ղուկասյանը, իսկ աշխատակիցները խոչընդոտում են իրավապահ մարմինների աշխատանքներին։