Ուկրաինա կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին, որոնք թիրախավորում են նավթային ընկերությունները, «ստվերային նավատորմի» լցանավերն ու ռազմական մատակարարման շղթաները։ Այս մասին հայտնում է The Standard պարբերականը։
Խիստ սահմանափակումների մասին հայտարարվել է Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում, որտեղ Միլիբենդը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել են ռուսական հարվածից փլուզված հինգհարկանի բնակելի շենք․ հարձակման հետևանքով 22 խաղաղ բնակիչ էր զոհվել։
«Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մենք ոչ միայն աջակցության խոսքեր ենք հնչեցնելու, այլև գործնական քայլեր ենք ձեռնարկելու։ Այսօր մենք ազդարարում ենք Ռուսաստանի, (ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմական մեքենայի, «ստվերային նավատորմի», նավթային ընկերությունների, կրիպտոակտիվների և պատերազմի ֆինանսավորման դեմ ուղղված նոր պատժամիջոցների մասին։ Մեր նպատակն է հայտնել նաև լրացուցիչ մարդասիրական ու էներգետիկ աջակցության մասին։ Վստահ եմ՝ արտահայտում եմ բրիտանացի ժողովրդի կամքը՝ ասելով, որ մենք ձեր կողքին ենք, պարո՛ն նախագահ․ ձեր կողքին ենք, ինչպես եղել ենք 2022 թվականից և, ըստ էության, դեռևս 2014 թվականից ի վեր»,— նշել է Միլիբենդը։
Սահմանված պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 38 նոր ընկերություն, այդ թվում՝ ռուսական երկու նավթային հսկա՝ «Զարուբեժնեֆտ»-ն ու «ԻՆԿ Քեփիթալ»-ը։ Սրանով Միացյալ Թագավորության պատժամիջոցներն այժմ ծածկում են Ռուսաստանի նավթարդյունահանման ընդհանուր հզորությունների ավելի քան 90%-ը։
Բացի այդ, Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «ստվերային նավատորմի» կազմում գործող ևս 12 նավթատար նավի նկատմամբ՝ սև ցուցակում հայտնված նավերի ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 600-ի։
Սահմանափակումները տարածվել են նաև երեք կրիպտոբորսայի և երկու վճարային հարթակի վրա (այդ թվում՝ Ղրղզստանի հետ կապ ունեցող 3 կառույցի և 1 ֆիզիկական անձի), որոնք կասկածվում են ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու գործընթացում Ռուսաստանին աջակցելու մեջ։
Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է նաև 17 կազմակերպություն և ֆիզիկական անձ, որոնք ռուսական կողմին մատակարարում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ռազմական գործողությունների համար կենսական համարվող ապրանքներ․ դրանց թվում են Ռուսաստանում գործող այն ներկրողները, որոնք ապահովում են հաստոցների, էլեկտրոնիկայի և նյութերի մատակարարումը ռուսական բալիստիկ հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրության համար։