Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են. Տիգրան Ավինյանն ընդունել է նորանշանակ դեսպան ԼԻ Սինվեյին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան ԼԻ Սինվեյին:


Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առիթով՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:


Հայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:


Երևանի քաղաքապետը նկատել է, որ Պեկինի հետ ստորագրված համաձայնագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ առավել փոխշահավետ ծրագրեր իրագործելու համար, առանձնացրել նաև Ցինդաո քաղաքի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:


Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տեխնիկական աջակցության տարբեր ծրագրերի համար և նշել, որ դրանց շահառուները նաև երևանցիներն են:


Դեսպան ԼԻ Սինվեյն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գործում մեծ ներդրման համար: