Հյուսիսային Կորեայի հետ կապվող հաքերները կեղծ տեսազանգերի միջոցով խաբել են շուրջ 900 մարդու և գողացել ավելի քան 400 միլիոն դոլարի կրիպտոարժույթ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմինները՝ նշելով, որ խարդախության սխեման գործել է վերջին 18 ամիսների ընթացքում։
Հաքերները սոցիալական ցանցերում կեղծ կամ գողացված հաշիվների միջոցով կապ են հաստատել պոտենցիալ զոհերի հետ՝ հրավիրելով նրանց մասնակցելու տեսազանգերի։ Դրանք անցկացվել են Zoom-ի, Microsoft Teams-ի և Google Meet-ի նմանակող հարթակներով։
Տեսազանգերի ընթացքում խարդախները ցուցադրել են զոհերին ծանոթ մարդկանց նախապես ձայնագրված տեսանյութերը՝ ստեղծելով իրական շփման տպավորություն։ Այնուհետև, իբր ձայնի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով, օգտատերերին առաջարկել են սեղմել ուղարկված հղման վրա։
Հղման միջոցով զոհերի սարքերում ներբեռնվել է վնասակար ծրագիր, որը հաքերներին հնարավորություն է տվել մուտք գործելու նրանց կոնտակտներին և հավելվածներին։
ԱՄՆ իրավապահների տվյալներով՝ հաքերները գաղտնի ձայնագրել են նաև տեսազանգերը։ Հետագայում այդ ձայնագրություններն օգտագործվել են նոր զոհերի հետ կապ հաստատելու և նրանց վստահությունը շահելու համար՝ ընդլայնելով խարդախության շրջանակը։