Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ, որի նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեությունն ապահովումն է։
Ի՞նչ պարտավորություն ունի օպերատորը
Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանում ստեղծել նոր ընկերություն, որի հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 15 տարի ժամկետով կնքելու է պայմանագիր՝ օրենքով օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցներով։
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու օպերատորը
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորին վերապահվելու են հետևյալ գործառույթները․
Վկայագրեր և սերտիֆիկացում. Տրամադրում, երկարաձգում և դադարեցնում է օպերացիոն վկայագրերը, սահմանում է դրանց ժամկետներն ու վճարները, ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացում կամ միջազգային լաբորատորիաների սերտիֆիկատների հաստատում։
Մոնիթորինգ և տեխնիկական վերահսկողություն․ Միացնում է խաղային արտադրանքները մոնիթորինգային կենտրոնին, ապահովում է կենտրոնի բնականոն աշխատանքը, իրականացնում է գործարքների ու հաշվառման տվյալների մոնիթորինգ, վերլուծություն ու ռիսկերի գնահատում, տրամադրում է վերահսկող մարմնին հեռահար հասանելիություն։
Քաղաքականություն և ստանդարտներ․ Ներկայացնում է առաջարկություններ մոնիթորինգային կենտրոնի տեխնիկական չափանիշների, «պատասխանատու» և «արդար խաղի» կանոնների, ինչպես նաև արտադրանքների ստանդարտների վերաբերյալ։
Համագործակցություն և խորհրդատվություն․Համագործակցում է պետական մարմինների հետ, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկացնում է շուկայի վիճակի, բարելավումների և ռիսկերի մասին, տալիս է կարծիք խաղացողների բողոքների վերաբերյալ։
Կազմակերպիչների հետ փոխհարաբերություններ․ Կնքում է ծառայությունների պայմանագրեր, ապահովում է կազմակերպիչների համար սահմանափակված անձանց վերաբերյալ տվյալների հասանելիություն, հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է լիազոր մարմիններին։
Ֆինանսական և վարչարարական հարցեր․ Սահմանում և հրապարակում է ծառայությունների գները (առավելագույն շեմի սահմաններում), ապահովում է անձնակազմի «փոխկապակցված չհամարվելու» պահանջը, պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը։
Շուկայի մոնիթորինգ։ Իրականացնում է խաղային շուկայի ընդհանուր մոնիթորինգ՝ ներառյալ խաղանիշերի, շահումների, արտադրանքների և իրադարձությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն։
Որո՞նք են օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացում սահմանվում են մի շարք հիմնական պահանջներ, որոնք վերաբերում են ֆինանսական և տնտեսական, մասնագիտական, աշխատանքային, ինչպես նաև տեխնիկական կարողություններին․
1․ Ֆինանսական և տնտեսական կարողություն
Թեկնածուն պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն, կարողանա ապացուցել իր ֆինանսական առողջությունը, ունենա ազատ դրամական հոսքեր և հասանելի ֆինանսավորում, հետևաբար, պարտադիր են հետևյալ պահանջները․
Ֆինանսական առողջություն
Սեփական կապիտալ
Թեկնածուն կամ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին պետք է ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։ Կոնսորցիումի դեպքում առաջատար անդամը պետք է ունենա առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, իսկ մնացած անդամներից յուրաքանչյուրն առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։
Ազատ դրամական հոսքեր
Թեկնածուն, իսկ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին ընդհանուր առմամբ պետք է ունենան առնվազն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով ազատ դրամական հոսքերը վերջին հաստատված ֆինանսական տարվա ընթացքում։
Հասանելի ֆինանսավորում
Թեկնածուն կամ կոնսորցիումի բոլոր անդամները ընդհանուր առմամբ պետք է հավաստեն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով հասանելի ֆինանսավորման մասին հետևյալ տարբերակներից առնվազն մեկով՝
2․ Մասնագիտական կարողություն
Թեկնածուն պետք է ապացուցի, որ ունի գործնական փորձ խաղային ինտերնետային գործունեության մոնիթորինգի տեխնիկածրագրային համակարգի վերջնական նախագծման և ներդրման գործում, որն ապահովում է խաղանիշերի, խաղադրույքների, շահումների և խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում, զեղծարարության բացահայտում։ Այս կարողության մասով պահանջվող ապացույցները և պայմանները հետևյալն են․
Եթե փորձը ստացվել է կոնսորցիումում, ապա թեկնածուն այդ կոնսորցիումում պետք է լինի առաջատար անդամ։ Կոնսորցիումի դեպքում այս չափանիշը կարող է բավարարվել անդամների միասնական որակավորումներով։
3․ Աշխատանքային ռեսուրսներ (թիմ)
Օպերատորի գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա՝ նպաստելով խաղացողների իրավունքների պաշտպանությանը, միջազգային չափորոշիչներին խաղային ոլորտի համապատասխանությանը և վերահսկողության բարձրացմանը: Հայտատուն պարտավոր է ներկայացնել նոր ստեղծվելիք օպերատոր ընկերության համար նախատեսվող նախագծային թիմի հիմնական կազմը՝ առնվազն 7 հիմնական մասնագետների ինքնակենսագրականները (CV)` կոնկրետ նախագծային փորձով.
Պայմանագրի կնքման պահին օպերատոր ընկերության նշված պաշտոնները պետք է զբաղեցնեն հենց այն անձինք, որոնց ինքնակենսագրականները ներկայացվել են կամ համարժեք փորձով մասնագետներ՝ հիմնավորված փոխարինմամբ։ Կոնսորցիումի դեպքում թիմի պահանջները կարող են բավարարվել համատեղ։
4․ Տեխնիկական միջոցներ
Հայտատուն պարտավոր է ապահովել իր առաջարկին համարժեք ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և միջոցները, որոնք պահանջվելու են առաջարկի հարցման փուլում ներկայացված տեխնիկական առաջարկի իրագործման համար։
Ե՞րբ և ինչպե՞ս դիմել մրցույթին
Որակավորման հայտերը պետք է ներկայացնել առձեռն՝ թղթային տարբերակով ք․ Երևան, Դեղատան 3 հասցեով։ Հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Որակավորման հայտերը բացվելու են 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին, ք․ Երևան, Մ․ Խորենացու 3, 7 հասցեում։
Լրացուցիչ տեղեկատվության դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել mariana_udumyan@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությանը և որակավորման հարցման հայերեն, անգլերեն և ռուսերեն ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։