ՍԴ-ում շարունակվում է հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը, որոնք ներկայացվել են «Հայաստան», Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից։
Նշենք, որ գլխավոր դատախազությունը ընտրական հանցագործությունների վերաբերյալ հուլիսի 2-ի դրությամբ հարուցել է 66 քրեական գործ, որոնցից 26-ը վերաբերում է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության դեպքերին։
Civic.am-ի հետ զրույցում արտահերթ ընտրությունները վերահսկող «Անկախ դիտորդ» ՀԿ-ի համակարգող Վարդինե Գրիգորյանը օրեր առաջ
հայտնել էր, որ տարբեր համայնքներից ու տարբեր հիմնարկներից ստացել են ահազանգեր, որ կոնկրետ գումարներ է առաջարկվում՝ 70․000-100․000 դրամ, մարդկանց են ցուցակագրում և առաջարկում համաձայնել, որ առնվազն չքվեարկեն ՔՊ-ի օգտին։
Նախկին դատախազ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ում քննարկվող դիմումներին՝ նշեց, որ Սահմանադրական դատարանը ընտրախախտումներ քննող դատարան չէ, այլ գաղափարի դատարան է․ «ՍԴ-ն գլոբալ պետք է քննի՝ ընտրողների ձայնը աղավաղվե՞լ է, թե՞ ոչ, ոչ թե այսինչ տեղը լույսը անջատվել է, այնինչ տեղը ընտրակաշառք է բաժանվել։ Կարող է լույսն էլ է անջատվել, ընտրակաշառք էլ է բաժանվել, բայց ՍԴ-ի համար էական է գաղափարը՝ ընտրողների ձայնն աղավաղվել է, թե ոչ։ Սա է քննելու ՍԴ-ն, թե չէ խախտումներ միշտ էլ լինում է։ ՍԴ դիմող քաղաքական ուժերը պետք է ապացուցեն՝ ՔՊ-ի 53,91 տոկոս ձայները կարո՞ղ է իրենցն է։ Իրենք ամեն ինչ ասում են, բայց արդեն 1 ամիս է ամենակարևորը չեն ասում, որ 53,91 տոկոսը ոչ թե Նիկոլինն է, այլ իրենցն է, որովհետև իրենք գիտեն, որ այդ ձայներն իրենցը չէ»։
Ալեքսանդր Սիրունյանի դիտարկմամբ՝ ՍԴ ուղարկված դիմումները պետք է սկսվեին հետևյալից՝ տեղի է ունեցել ընտրակեղծիք և 53,91 տոկոսը ոչ թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, այլ օրինակ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքինն է․ «Իսկ իրենք դա չեն ներկայացնում։ Իրենք պետք է ապացուցեն, որ այդ ընտրախախտումներն անդրադարձել է իրենց ձայների վրա»։
Ինչ վերաբերում է դատախազության կողմից ընտրական հանցագործությունների՝ այդ թվում ընտրակաշառքների վերաբերյալ հարուցած քրեական գործերին՝ փաստաբանը նշեց, որ ՍԴ-ն այդ գործերին չի անդրադառնալու։
«Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից երկուսը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանն ու Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որոնք ըստ դաշինքի հավաքած ձայների կարող են վերցնել ԱԺ մանդատները՝ կալանավորված են։
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրանց կողմից մանդատները վերցնելու դեպքում ԱԺ-ն պետք է համաձայնություն տա նրանց դեմ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ։
Ալեքսանդր Սիրունյանի մեկնաբանմամբ ՀՀ Սահմանադրությունը չի կարգավորում այդ հարցը․ «Մեր Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու դեպքում պետք է լինի ԱԺ համաձայնությունը, իսկ դատախազությունն ասում է, որ արդեն հարուցված է քրեական գործը և ԱԺ-ի համաձայնությունը պետք չէ»։
Փաստաբանի տեսակետով, այնուամենայնիվ, քանի որ այդ հարցը չի կարգավորվում Սահմանադրությամբ՝ Արմեն Չարչյանն ու Մխիթար Զաքարյանը կստանան մանդատները, իսկ գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ քրեական գործի վերաբերյալ համաձայնություն ստանալու համար։
Նարա Մարտիրոսյան