ՍԴ-ն որոշել է մերժել «Զարթոնք»-ի, «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջնորդությունները, իսկ դրանցից 3-ի քննարկումը հետաձգվել է. ՍԴ նախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:
Ինչպես հաղորդեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատարանը որոշել է մերժել «Զարթոնք» կուսակցության հետևյալ միջնորդությունները. «ԱԱԾ-ից տեղեկություն, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է լքել ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել: ՊԵԿ-ից և վարչապետի աշխատակազմից պահանջել հանրային ծառայողների քանակը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվություն ստանալ, թե ընտրատեղամասերը որքան ժամանակով են հոսանքազրկվել և ինչ պատճառներով»:
ՍԴ նախագահը հավելեց, որ միջնորդության քննարկումը՝ ՊՆ-ից տեղեկություն, թե քանի զինծառայող է մասնակցել ընտրություններին, դատարանը որոշել է հետաձգել:
ՍԴ-ն որոշել է մերժել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի «Հույժ հրատապ» վերտառությամբ միջնորդությունը:
Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի 4 միջնորդություններին, ապա դրանցից 2-ը մերժվել են, 2-ի քննարկումը հետաձգվել է: