Ոստիկանությունը Վաղարշապատում տեղի ունեցած հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:


Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը ավելի վաղ հայտարարել էր, որ իր քաղաքական թիմի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայր, որտեղ իրենց սպասել են «Կտրիճ Ներսիսյանի ընտանիքի անդամները և նազիր-վեզիրներից բաղկացած լեգեոնը, մասնավորապես՝ նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գևորգ Ներսիսյանը յուր որդիների հետ»:


«Սույն լեգեոներները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց և սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին՝ հայհոյանքների և անվանարկումների դիմելով՝ առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելիություն։


Նկատվել են նաև զանգվածային կուտակումներ մեր՝ տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաև հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ»,- հայտարարել էր Մկրտչյանը: