«Երևանի ավտոբուս»-ի վարորդը տվել է հաղորդում հանցագործության մասին. ինչ է կատարվել նոյեմբերի 2-ի երեկոյան

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ մանրամասնելով.


«Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդը ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։


Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»։