«Իտալիան ամբողջովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ». Զախարովայի այս հայտարարությունը Իտալիայի ԱԳՆ-ն համարել է «վուլգար» և կանչել ՌԴ դեսպանին

Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո առ այն, թե Իտալիան «ամբողջովին կփլուզվի», եթե շարունակի աջակցել Ուկրաինային։


Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր Telegram ալիքում հիշեցրել է, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար, և գրել է՝ «քանի դեռ Իտալիայի կառավարությունը անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։


Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերն անվանել է «վուլգար» և «անընդունելի քաղաքակիրթ երկրում»։


«Երբ տեղի է ունենում ողբերգություն, չի կարելի շահարկել մարդկանց, որոնք մնացել են փլատակների տակ, և տուժած աշխատողներին։ Մենք երբեք այդպես չենք արել. երբ Ռուսաստանում տեղի էին ունենում ողբերգություններ, մենք միշտ համերաշխություն էինք հայտնում»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարարը։