Ռուսաստանում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել. Կրեմլի ներկայացուցիչ

Ռուսաստանում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել կուտակված սոցիալական, տնտեսական և քաղաքական հակամարտությունների պատճառով, նախազգուշացրել է ՌԴ նախագահի՝ մոնիտորինգի և սոցիալական գործընթացների վերլուծության հարցերով վարչության ղեկավար Ալեքսանդր Խարիչևը։ Նա այս մասին գրել է իր «Ովքե՞ր ենք մենք» հոդվածում «Գոսուդարստվո» ամսագրի համար։


Խարիչևի կարծիքով՝ քաղաքացիական պատերազմը Ռուսաստանի առջև ծառացած հինգ մարտահրավերներից մեկն է։ Բացի դրանից, երկրին սպառնում են քաղաքական, տարածքային և մշակութային ինքնիշխանության կորուստ, դեպոպուլյացիա, իշխանության նկատմամբ քաղաքացիների վստահության կորուստ և քաղաքական համակարգերի փլուզում, ինչպես նաև «դեհումանիզացիա» և ռուսների վերածում «սպառողական սուբյեկտների»։


Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ քաղաքացիական պատերազմի սպառնալիքին պատասխանը պետք է լինի միասնական և համերաշխ սոցիումի ձևավորումը: Խարիչևն առաջարկել է նման հասարակություն ստեղծել «Մենք չենք լքում մերոնց» գաղափարախոսության միջոցով, որը հիմնված կլինի «սեփական քաղաքակրթական կոդի» վրա: Նույն այդ գաղափարախոսությունը պետք է պաշտպանի «ինքնիշխանության կորստից»: Խարիչևը հայտարարել է, որ արագ պետք է ընդունել «հայրենասիրական» դաստիարակության մասին օրենք, որը կպարտավորեցնի իշխանության բոլոր ​​մարմիններին, կրթական հաստատություններին և պետական ​​​​կառույցներին քաղաքացիների մեջ սերմանել համապատասխան վերաբերմունք: